‘Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենը՝ լրագրողին. «Էս շիշը կտամ գլխիդ»’

1221

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին,  Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Հրաչյա Մինասյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի 40-ից ավելի գիտաշխատողներ՝ կապված ինստիտուտի  նոր տնօրենի ընտրությունների հետ:
Բանն այնն է, որ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել տնօրենի ընտրություն և փակ գաղտնի քվեարկությամբ 72 աշխատակիցներից 53-ը քվեարկել են հօգուտ  Վարդան Գասպարյանի,  11-ը՝  հօգուտ Սամվել Չալյանի:

Ակցիայի ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայում նախագահության նիստ էր ընթանում, որում պետք է հաստատվեր ընտրության արդյունքը, և հայտարարվեր նոր տնօրենի անունը: Ակցիայի մասնակիցները, ինչպես հետագայում պարզվեց՝ միանգամայն արդարացիորեն  մտավախություն ունեին, թե ակադեմիայի նախագահության անդամները տնօրեն կհաստատեն ընդամենը 11 ձայն ստացած թեկնածուին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, նիստի ավարտից հետո պարզ է դարձել, որ գաղտնի քվեարկությամբ 53 ձայն ստացած Վ. Գասպարյանի օգտին նախագահությունում քվեարկել է 2 հոգի, իսկ Սամվել Չալյանը, ով կոլեկտիվում հավաքել էր 11 ձայն, ակադեմիայի նիստում ստացել է 12 ձայն: Վերջինս էլ հաստատվել է Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Իսկ դահլիճի ներսում նախագահության անդամները թույլ չեն տվել կոլեկտիվի անդամ, գիտությունների դոկտոր, լաբորատորիայի վարիչ, բազմաթիվ միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների հեղինակ Նինա Բարխուդարյանին երկու րոպեից ավելի խոսել և ավարտին հասցնել խոսքը: Ն. Բարխուդարյանը նիստից դուրս գալիս  ասել է. «Ցտեսություն, ակադեմիկոսների ակումբի նախագահ Ռադիկ Մարտիրոսովիչ»:

Տնօրեն Ս. Չալյանը, դուրս գալով Ակադեմիայի շենքից և նկատելով, որ իրեն նկարահանում են, սկսել է սպառնալ ֆոտոլրագրողին և ցույց տալով ձեռքի պլաստմասե տարան՝ սպառնացել է, թե՝ «էս շիշը կտամ գլխիդ, խի՞ ես նկարում»: Սակայն նրա հետ Ակադեմիայից դուրս եկած անձինք սանձել են նրա լկտիությունը:

Լուսանկարում՝ Հրաչյա Մինասյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գիտաշխատողները

Լուսանկարը՝ Գ.Շամշյանի

Նախորդ հոդվածը‘Թողարկվել են նոր հուշադրամներ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր «սմայլիկը» դարձավ 30 տարեկան’