‘ԿԸՀ-ը մտադիր է ծախսել ընտրագրավներից առաջացած գումարը’

837

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է կառավարությանը` թույլ տալու ծախսել ընտրագրավների հատուկ հաշվեհամարին կուտակված գումարները:

Նման իրավասություն Կենտրոնական ընտրական մարմնին տալիս է  «Ընտրական օրենսգիրքը»: 38 հոդվածի 7-րդ կետի համաձայն, «ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչև 15 տոկոսը կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար»:

Վկայակոչելով օրենքի այս դրույթը` ԿԸՀ-ն որոշել է այդ նպատակի համար հիմնադրամում առկա գումարներից ծախսել 25 մլն դրամ:

Թե կոնկրետ ինչ է արվելու այդ գումարի սահմաններում, կառավարության որոշման նախագծում չի ներկայացվում:

Կառավարությունը չի բացահայտում նաև, թե ընդհանուր առմամբ որքան գումար կա ընտրագրավների հատուկ հաշվեհամարում: Սակայն, եթե ընդունենք, որ նշված 25 մլն դրամը առկա գումարների առավելագույնը 15%-ն է, ապա հիմանդրամում ներկա պահին շուրջ 165 մլն դրամ կա:

Հիշեցնենք, այս հիմնադրամին վճարում են ընտրություններում առաջադրված բոլոր թեկնածուները, իսկ ընտրություններից հետո հետ են ստանում իրենց գումարները: Բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց չի հաջողվում հաղթահարել 5%-ի արգելքը: Հենց այս անհաջողակ թեկնածուների միջոցներով էլ ԿԸՀ-ն որոշել է օգտագործել «ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար»:

«Փաստինֆո»

Նախորդ հոդվածը‘Ելիսեյան պալատն անդրադարձել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի վերաբերյալ հարցումին’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Մարկ Սաղաթելյանը’