Կիբեռհանցագործության հիմնական աղբյուրը Ռուսաստանն է ու նրա հարևանները

476

Բրիտանիայի Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի ղեկավար Լինդի Քեմերոնը շորթումն անվանել է ամենալուրջ սպառնալիքը Բրիտանիայում համացանցից օգտվողների դեմ։

Նրա խոսքով՝  բրիտանական առևտրային կառույցների և այլ կազմակերպությունների վրա շորթման նպատակով կիբեռգրոհների ետևում մեծ մասամբ կանգնած են ռուսաստանցի և Ռուսաստանի հարևան երկրների կիբեռհանցագործներ։

«Մենք, Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության հետ միասին, կարծում ենք, որ Ռուսաստանից և հարևան երկրներից կիբեռհանցագործները պատասխանատվություն են կրում Բրիտանիայում ամենաավերիչ կիբեռգրոհների համար»,- հայտարարել է Քեմերոնը։

Նրա խոսքով՝ փրկագին ստանալու նպատակով կատարվող այդ գրոհները «ամենաուղղակի և ակնհայտ սպառնալիքն են բոլորի համար՝ դպրոցներից մինչև ազգային կարևորագույն ենթակառույցներ ու տեղական խորհուրդներ», որոնցից շատերը նույնիսկ ծրագիր չունեն նման գրոհները դիմակայելու համար, էլ չասած, որ նրանց կիբեռանվտանգության համակարգերը փորձարկված չեն գործողության մեջ։

Ըստ Քեմերոնի՝ «փրկագին վճարելը միայն ավելի է վստահություն տալիս այդ հանցախմբերին», ընդ որում՝ շորթման վերաբերյալ բրիտանական օրենքները, որ մշակվել են միայն մարդկանց առևանգման դեմ պայքարի նպատակով, արգելում են փրկագին վճարել միայն ահաբեկիչներին, իսկ հակերները հազվադեպ են ընկնում այդ կատեգորիայի տակ։

Քեմերոնը նաև խոստովանել է, որ թեև Ռուսաստանը շարունակում է ամենամեծ կիբեռսպառնալիքը ներկայացնել, Չինաստանն արդեն հասնում է նրա ետևից, ընդ որում՝ Պեկինը նորագույն տեխնոլոգիաներ է օգտագործում առևտրային գաղտնիքներ կորզելու նպատակով, ինչպիսին, օրինակ, պատվաստանյութերի մշակումն է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆոբելյան մրցանակ էկոնոմիկայի բնագավառում
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 903 նոր դեպք, 43 մահ