‘Կիեւը Կրեմլին մեղադրում է սեփական տարածք ներխուժելու մեջ. Մոսկվան հակադարձում է’

1282

Մարդասիրական բեռներով ռուսական առաջին ավտոշարասյունը մուտք է գործել Ուկրաինա եւ հասել է մինչեւ Լուգանսկ, տեղեկացնում է Interfax-ը: Մարդասիրական շարասյունը արդեն շուրջ մեկ շաբաթ դեգերում էր ուկրաինական սահմանի երկայնքով՝ սպասելով ուկրաինական իշխանությունների պաշտոնական թույլտվությանը:

ՌԴ ԱԳ փոխնախարար Ռյաբկովն այսօր հայտարարել է, որ Կիեւը, արհեստականորեն արգելելով ռուսական շարասյան մուտքը, փորձում էր ժամանակ շահել՝ երկրի ապստամբ արեւելքում պատժիչ ռազմական գործողությունները ավարտին հասցնելու համար: «Մենք այլեւս չենք կարող եւ չենք հաշտվի Ուկրաինայի հարավ-արեւելքում ապրող մարդկանց աղետալի վիճակի հետ: Մենք վատահ ենք մեր ճշմարտացիության մեջ: Մենք մեղադրում ենք Կիեւին եւ նրա հետեւում կանգնած երկրներին այն բանում, որ նրանք շարունակաբար իրենց քաղաքական, ըստ էության, հակառուսական շահերը վեր են դասում մարդասիրության եւ կարեկցանքի խարխլուն նորմերից», — ասել է ռուսաստանցի փոխնախարարը:

Մինչդեռ, РБК-ի փոխանցմամբ,  Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն Ռուսաստանին մեղադրել է մարդասիրական բեռների անվան տակ զինվորականներ Ուկրաինա մտցնելու մեջ: Նալիվայչենկոն նշել է, որ այդ ավտոմեքենաները ընդհանուր ոչինչ չունեն քաղաքացիական մեքենաների հետ: Նա ասել է, որ խոսքը գնում է զինվորական մեքենաների մասին, որոնցով զորք են տեղափոխում:  Անվտանգության ծառայության ղեկավարը նշել է նաեւ, որ ավտոմեքենաների վարորդները ծպտյալ զինվորականներ են, որոնք ուղարկվել են՝ ռուսական ռազմական տեխնիկան կառավարելու նպատակով:  

Ավելի վաղ Ռուսաստանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Ուկրաինայի արեւելքում կռվող գրոհայիններին զենք եւ տեխնիկա է մատակարարում:  

Վերջին տվյալներով, Ուկրաինայի տարածքով այժմ 145 բեռնատարներ են ընթանում, որոնք  ռուսական վարկածով՝ մարդասիրական օգնություն, իսկ Կիեւի վարկածով՝ զինվորականներ են տեղափոխում:

Ավելի վաղ Նալիվայչենկոն հայտարարել է, որ ռուսաստանյան բեռնատարների մուտքը «ուղղակի ներխուժում է» Ուկրաինայի տարածք, եւ որ շարասյունը սահմանը հատել է՝ «ցինիկորեն թաքնվելով Կարմիր Խաչի նշանի տակ»: Իսկ Ուկրաինայի ԱԳՆ-ը Կրեմլին մեղադրել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, սահմանների անխախտելիության ւե ներքին գործերին չխառնվելու մասին սկզբունքները:

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով, ռուսական ավտոշարասյան պարունակությունը ստուգելու նպատակով ժամանած մասնագետներն արգելանքի տակ են ընկել, եւ ո՛չ ուկրաինական կողմը, ո՛չ ԿԽՄԿ-ն չգիտի, թե ինչ են տեղափոխում բեռնատարները, ինչը մտահոգություն է առաջացնում Կիեւի մոտ: 

Նախորդ հոդվածը‘Նախիջեւանում դաժան ծեծի ենթարկված լրագրողը մահամերձ է’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’