‘Կիմ Իր Սենը որոշել էր ապրել 120 տարի’

823

Հյուսիսային Կորեայի նախկին նախագահ Կիմ Իր Սենն ուզում էր ապրել հնարավորինս երկար և բժիշկներին կարգադրել էր միջոցներ գտնել, որոնք իր կյանքը կերկարացնեն մինչև 120 տարի: Այս մասին գրում է բրիտանական Telegraph-ը:

Այս տեղեկությունը տրվում է Կիմ Իր Սենի  բժիշկ Կիմ Սո Ենի գրքում: Կիմ Սո Ենը 1979 թ. նշանակվել էր  ԿԺԴՀ-ի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարի պաշտոնում և 1992 թ. փախել Հարավային Կորեա: Տիկին Սո Ենն իր գրքում գրում է, որ երկարակեցության խնդրի հետազոտությամբ է զբաղվել 30 տարի շարունակ: Ըստ նրա՝ «հավերժ նախագահը» մասնագետներին հանձնարարել էր կյանքը երկարացնելու խնդրով զբաղվել այն ժամանակ, երբ դարձել էր 65 տարեկան: Բժիշկներն ուսումնասիրել են համարյա 2000 բուժիչ բույսերի հատկանիշները, որոնցից ավելի արժեքավորներն աճեցվում էին և օգտագործվում տարբեր փորձերի ժամանակ:

Կիմ Իր Սենը մահացավ 1994 թ. հուլիսի 8-ին, 82 տարեկան հասակում: Բռնապետի մարմինը հանգչում է դամբարանում, որը բաց է զբոսաշրջիկների առջև: Նրա մահից հետո իշխանությունն անցավ նրա ավագ որդուն՝ Կիմ Չեն Իրին, որը մահացավ 2011 թ. դեկտեմբերի 17-ին սրտի կաթվածից, և իշխանությունը փոխանցվեց նրա որդուն՝ Կիմ Չեն Ինին, հաղորդում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘QS վարկածով՝ ուսանողական լավագույն քաղաքներն են Փարիզը, Լոնդոնը և Սինգապուրը’
Հաջորդ հոդվածը‘Ժիրինովսկին ՌԼԴԿ-ն կվերածի բուսակերների կուսակցության’