‘Կիմ Կի-դուկ. «Հայաստանը և Կորեան շատ նմանություններ ունեն»’

2016

«Ես ուզում եմ ցույց տալ, որ ապրել կյանքը շատ դժվար է, նման է ծանր արձանը լեռան բարձունքը քարշ տալուն, այն դեպքում, երբ մի ծանր քար էլ  արձանի ծայրին է կապած, որը մշտապես հետ է քաշում:  Ես կարծում եմ, որ բոլորը, մեծից փոքր, կյանքում իրենց քարն  են տանում»: Ժամանակակից կինեմատոգրաֆիայի ամենահայտնի դեմքերից մեկի՝ Կիմ Կի-դուկի այս խոսքերը  բնութագրոմ են նաև նրա ապրած կյանքը ու նրա   ստեղծած կինոն:

Ճանաչված դերասանը, սցենարիստը, ռեժիսորը, նկարիչն ու պրոդյուսերը այս օրերին   «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է: Հայ հանդիսատեսը փառատոնի ընթացքում պատիվ կունենա դիտելու նրա 6՝ «Դատարկ տուն», «Հասցեն անհայտ է», «Առափնյա պարեկ»,«Կղզին»,«Պիետան» և «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ…և նորից գարուն» ֆիլմերը:

Փառատոնի բացման հանդիսավոր  արարողության ընթացքում պատվավոր հյուր, աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-դուկին   շնորհվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Այն ռեժիսորն ընդունեց մեծ երախտագիտությամբ և բոլորին, որպես շնորհակալական խոսք, անակնկալ մատուցեց՝ կատարելով հատված կորեական ազգային երգից: Ռեժիսորն արդեն հասցրել է հանդիպել լրագրողների հետ և իրեն բնորոշ անկեղծությամբ պատմել իր ստացած տպավորությունների ու զգացումների մասին: «Երեկ և այսօր երեք ժամ քայլել եմ Երևանի փողոցներով առանց ուղեկցորդի: Երեկ Կասկադի շրջակայքում եմ քայլել, այսօր` շուկայի: Տեսել եմ, որ այստեղ ևս աղքատ մարդիկ կան: Հայաստանը և Կորեան  շատ նմանություններ ունեն: Մինչև այստեղ գալս ես ոչինչ չեմ իմացել Հայաստանի մասին, բայց շատ եմ լսել:Այսօրվանից սկսած կկարդամ և ավելի շատ բան կսովորեմ Հայաստանի մասին»,- ասել է ռեժիսորը: Այնուհետև Կիմ Կի-դուկը ներկայացրել է իր ֆիլմերը և մեծ պատիվ է համարել, որ դրանք ցուցադրվելու են այս օրերին:

«Ֆիլմ նկարահանելու համար պարտադիր չէ, որ դպրոց ավարտես: Ես ավարտել եմ կյանքի մեծագույն դպրոցը, որն ինձ ավելի շատ բան  է տվել, քան ցանկացած այլ դպրոցը կտար:… Կորեայում այն ժամանակ երեխաները բաժանվում էին երկու մասի: Դպրոցականների 50 տոկոսը հաճախում էր դպրոց, իսկ 50-ը՝ ոչ: Ես վերջին խմբի մեջ եմ եղել: Աշխատել եմ մինչև 30 տարեկան և կյանքից շատ բան եմ սովորել: Ինձ համար մարդկային ճակատագրերը ավելի հետաքրքրիր են, քան դպրոցում որևէ առարկա ուսումնասիրելը: Ես հասկացել եմ, որ ֆիլմ նկարահանելու համար պարտադիր չէ դպրոց հաճախել: Սկզբում զբաղվում էի մեքենաների ուսումնասիրությամբ,  հետո իմ հետաքրքրության աղբյուրը դարձավ կինոն: ….Ուրախ եմ, որ հայ հասարակությունը հասցրել է սիրել ու դիտել իմ ֆիլմերը:   Ֆիլմում չկան լավ ու վատ կողմեր: Կարևորն այն է, ինչ զգում է հանդիսատեսը: Ես հանդիսատեսին փոխանցում եմ այն, ինչ ես եմ զգում: Օրինակ, «Վատ տղա» ֆիլմի հերոսները ոչինչ չեն խոսում: Ես գիտեմ, որ խոսելիս հաճախ մարդիկ կարող են սուտ խոսել, իսկ մարդու դեմքն արտահայտում է այն, ինչ զգում է իրականում: Այդ ֆիլմում մարդն իր դեմքով արտահայտել է կյանքը:Այսինքն մարդն  առանց խոսք էլ  կարող է ասել ավելին, քան խոսքով:19 տարվա մեջ ես փորձել եմ փոփոխություններ կատարել, բայց այդպես էլ չեմ կարողացել փոխել: Ես զգում եմ, որ մարդիկ ապրում են հույսով, բայց ես զգում եմ, որ այդ հույսը, վերջապես, մի օր կգա:… Իմ ֆիլմերը ազգային նրբություններ են իրենց մեջ պարունակում: Այդ ազգային նրբությունները ես ուզում եմ ցույց տալ Հայաստանում»,-ասել է Կիմ Կի-դուկը:

 Բազմաթիվ կինոմրցանակների արժանացած և ժամանակակից կինոյում արդեն իր  ավանդն ունեցող Կիմ Կի-դուկը ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 20-ին:  Նա  դժվար ու բարդ բնավորությամբ  երեխա է եղել, մեծացել է գյուղում, Կենսան նահանգի հյուսիսում:  Գալով քաղաք՝ ծնողները դեռահասին տալիս են գյուղատնտեսական դպրոց, որտեղից ապագա նկարիչն ու ռեժիսորը գնում է գործարան աշխատելու, իսկ հետո 5 տարով  մեկնում ծառայության՝ ռազմածովային նավատորմում:  Հարցազրույցներից մեկում  Կիմը հետագայում կխոստովանի, որ երկար ժամանակ մշակութային արժեքները կարևոր չի համարել, համարելով, որ իսկականն արժեքն ու գնահատելին  կարող է լինել միայն  իր «ձեռքերի աշխատանքը»: Սակայն, ծառայելով բանակում, երիտասարդն անսպասելիորեն  տարվում է գեղանկարչությամբ: Այս յուրատիպ մտածողությամբ աչքի ընկնող  կորեացին 30 տարեկանում մեկնում է Փարիզ, որտեղ երկու տարի գեղանկարչություն է սովորում, իսկ հետո շրջելով Եվրոպայով ցուցադրվում է որպես նկարիչ: Փարիզի հետ կապված իր զգացումները նա փոխադրել է «Վայրի կենդանիներ»  (1997) ֆիլմին, որտեղ  կան ընդամենը երկու պերսոնաժներ՝ զինվորն ու նկարիչը,  որոնք ռեժիսորի  alter ego-ն: Կիմ Կի Դուկի համար  սիրելի հերոսներ են մինչ այսоր մնում իր սիրելի վարպետ Գուստավ Կլիմտը և տաղանդավոր աշակերտ՝ Էգոն Շիլեն:  Արժեքների վերագնահատման ժամանակաշրջանը իր արտացոլումն է գտել  2001 թվականին նկարահանած «Վատ տղան» ֆիլմում: Թվում է՝ռեժիսորը հատում է երկու զուգահեռ աշխարհներ՝  ստիպելով կինոտարածքում հանդիպել   քոլեջի աղջկան  և  կորեական ուրախ թաղամասի անկիրթ տղային: Այս նույն վատ տղայի մեջ ռեժիսորի ինքնակենսագրությունից շատ բան կա. նա նույն Կիմ Կի-դուկն է՝ դժվար դեռահասը: Աղջիկը եթերային է, ասես ուրիշ մոլորակից, որտեղ կյանքում կան մշակութային արժեքներ և կենցաղը իմաստ ունի:

Այսպիսով, երկար փնտրտուքներից ու որոնումներից հետո Կիմ Կի-դուկը վերջապես գտնում իր աշխարհը՝ կինոն, լրջորեն զբաղվում է այդ գործով  և հավերժ սիրահարվում դրան: Շուտով նա մեկնում է  Կորեա և սկսում սցենարներ գրել: Նրա սցենարները մեծ ճանաչում են ստանում հայրենիքում, որի համար էլ արժանանում է սցենարիստների ընկերակցության մեծ մրցանակին:  Կիմ Կի-դուկը  նկարահանում է  սեփական ֆիլմը.«Կոկորդիլոս»  վերնագրով: Սակայն, ընկներով կինեմատոգրաֆիստների միջավայր, սկսնակ ռեժիսորը մնում էր оտար յուրայինների մեջ: Բանն այն է, որ, որպես կանոն, հարավկորեացի ռեժիսորները համապատասխան կրթությունից բացի, ունենին նաև բարձրաշխարհիկ ծագում: Այստեղ ևս Կիմ Կի-դուկը ոչ մի շրջանակի մեջ  չէր տեղավարվում և բոլոր չափորոշիչներից դուրս էր: Տաղանդաշատ ռեժիսորը  հիմնադրում է  «Հակասականն ու եզակին» շարժումը, որն, ասես, ադրենալինի ներարկում լիներ  հարավկորեական կինեմատոգրաֆիայում: Կիմ Կի Դուկի «Birdcage Inn» ֆիլմը մասնակցում է Բեռլինյան կինոֆառատոնին, իսկ երկու տարի ավելի ուշ՝ 2000 թվականին նկարահանած «Կղզին» և «Իրական հերյուրանք» դառնում են Վենետիկի և Մոսկվայի կինոփառատոնների մասնակիցներ: .

Կիմ Կի-դուկը իր դաժան ու կոշտ ֆիլմերը նկարահանում է կատաղի էներգիայով և աննկարագրելիորեն արագ: 8 տարվա աշխատանքի ընթացքում նա ստեղծում տասը ֆիլմեր, և չի ցանկանում կանգնել: «Իրական հերյուրանք » ֆիմը ռեժիսորը նկարահանում է միաժամանակ տասը կինոտեսանկարահանման և երկու թվային խցիկներով՝ երկու հարյուր րոպեի ընթացքում: Նկարահանումների ժամանակ չի կիրառում ոչ մի կանոն ու оրենք, բացի կոմպոզիցիայի оրենքներից: Ստեղծելով կինո, նա այն իր և հանդիսատեսի  մեջ է բացահայտում, վստահ, որ «ֆիլմերը փոխում են ոչ թե իրականությունը, այլ առանձին անհատների գիտակցության մակարդակը:  Կինոնկարահանումը, որպես մարդուն հետևելու ձև, հետևում է նաև նրա ենթգիտակցությանը՝ ամրագրելով  յուրաքանչյուր տպավորությունը: Կիսավերացական ֆիլմերի հանդեպ իմ կոնցեպցիան այն է, որ մենք ցուցադրում ենք ավելին, քան իրականությունն է »:

Նրա կինոյի լեզուն  դաժանությունն է: Նրա ֆիմերի հերոսների միջև հնարավոր չէ ռոմանտիկ սեր՝ աստեղերի տակ և հոգոցներով, կա միայն բռնությունից ծնված տանջալի մտերմություն: Սակայն հանդիսատեսը, ով ընդունում է այս խաղի կանոնները, այս ֆիլմերում, գտնում է մարդկային ջերմություն ու փոխըմբռնում,  տեսնում է ինչ-որ ուրիշ բան:  Կիմ Կի–դուկը շատ սուր է զգում կյանքի ու մահվան սահմանը: Նրա հերոսները անընդհատ քայլում են անդունդի եզրով, նրանց մահը ինչ-որ տեղ ապագայում չէ, այլ կողքներին: Նրանց ֆիլմերի սյուժետները նման են սրածայր ածելիի վրա քայլելուն: Նա չի հոգնում հանգավորել սերն ու արյունը, որ նրան հաջողվում է:

Առաջին անգամ Կիմ Կի-դուկը  կինո տեսավ  32 տարեկանում և այդ оրվանից հասկացավ, որ իր կյանքը կինեմատոգրաֆիան է, հարավկորեական կինոն, իսկ  36 տարեկանում նկարահանեց իր առաջին ֆիլմը…: Ռեժիսորի հաղթարշավը շարունակվում է այսօր, այստեղ՝ Հայաստանում:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի պաշտոնյաներին արգելվել է արտասահմանյան մեքենա գնել’
Հաջորդ հոդվածը‘Նախորդ տարի փակվել է շուրջ 8000 ընկերություն. «168 ժամ». ‘