‘Կիմ Չեն Ինը խնդրել է, որ Օբաման իրեն զանգահարի’

794

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Բարաք Օբամային խնդրել է զանգահարել իրեն: Այս մասին ABC հեռուստաալիքին երեկ հաղորդել է նախկին բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, որը վերջերս այցելել էր ԿԺԴՀ և հանդիպել նրա ղեկավարի հետ: Ռոդմանը հայտարարել է, որ Կիմ Չեն Ինն իրեն հավաստիացրել է, թե չի ուզում պատերազմել Միացյալ Նահանգների հետ: «Նա ուզում է, որ Օբաման մի բան անի՝ զանգահարի իրեն»,- ասել է նախկին բասկետբոլիստը: Նա նաև նշել է, թե Կիմ Չեն Ինը, ինչպես և ԱՄՆ նախագահը, սիրում է բասկետբոլ, և այդ ընդհանուր հրապուրանքը կարող է ելակետ դառնալ երկու երկրների ղեկավարների երկխոսության համար, տեղեկացնում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռոդմանը ԿԺԴՀ էր այցելել փետրվարի վերջին: Կիմ Չեն Ինի հետ հանդիպելով՝ նրանք միասին դիտել էին ամերիկյան Harlem Globetrotters  թիմի և Հյուսիսային Կորեայի հավաքականի միջև խաղը: Բասկետբոլիստը և ԿԺԴՀ առաջնորդը հաղորդակցվել էին ինչպես թարգմանչի օգնությամբ, այնպես էլ առանց նրա՝ անգլերենով: Կիմ Չեն Ինի հետ հանդիպումից հետո Ռոդմանը հայտարարել էր, թե «հավերժ նրա ընկերը կլինի» և շատ է սիրում հյուսիսկորեացիներին:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Դենիս Ռոդմանի այցն իրենց հետ ոչ մի կապ չունի, և նա Հյուսիսային Կորեա է այցելել բացառապես որպես մասնավոր անձ:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը նորից հաղթանակ է պարգեւում «Սպարտակին». Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳ նախարարն ու համանախագահները քննարկել են ԼՂ հարցը’