‘Կիմ Չեն Ինի շքեղ զբոսանավը’

958

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի կերպարն օրեցօր ավելի ու ավելի էքսցենտրիկ է դառնում: Օրերս միանգամից երկու լուր հայտնվեց, որոնք ԶԼՄ-ներին ստիպեցին կրկին անդրադառնալ աշխարհի ամենափակ երկրներից մեկի երիտասարդ ղեկավարին. չորեքշաբթի օրը Կիմ Չեն Ինը ծովային զբոսանք է կատարել 7 միլիոն դոլար արժողությամբ շքեղ զբոսանավով, ինչպես նաև՝ պետապարատի աշխատակիցների ուշադրությունն է հրավիրել Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» ինքնակենսագրական աշխատության վրա՝ որպես առաջնորդի հատկանիշներ զարգացնող ձեռնարկի: Այս երկրորդ նորությունը, սակայն, ԿԺԴՀ-ում անմիջապես հերքեցին և սպառնացին «ոչնչացնել» նման լուրեր տարածողներին: «Մենք մտադիր ենք վճռական քայլեր ձեռնարկել այդ ստոր մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու ուղղությամբ, ովքեր դավաճանություն են կատարում»,- ասված է երկրի կենտրոնական հեռուստատեսությամբ տարածված հաղորդագրության մեջ:

Զբոսանավի վերաբերյալ լուրը ԿԺԴՀ-ն դեռ պաշտոնապես չի մեկնաբանել: Ամերիկյան North Korea News կայքի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ինը երկրի արևելյան առափնյակ է այցելել իր շքեղ զբոսանավով: Կայքը տեղադրել է 29 մ երկարություն ունեցող և ավելի քան 7 միլիոն դոլար արժողությամբ, բրիտանական արտադրության  զբոսանավի լուսանկարը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ երևույթին՝ զբոսանավը վերջերս է գնվել, չնայած այն բանին, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ գործում են ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք, մասնավորապես՝ այդ երկրին արգելում են ճոխության առարկաներ ձեռք բերել:

Կիմ Չեն Ինի ընտանիքին է պատկանում երկրի հյուսիս-արևելքում գտնվող Վոնսան քաղաքում հսկայական մի տարածք, որտեղ կան մի քանի վիլլաներ, լողափեր և զբոսանավերի մեծ նավահանգիստ: Այդ ամենը լավ երևում է արբանյակային լուսանկարներում, փոխանցում է Interfax.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկ «Ռեմբոյի» ընտանիքն ապրում է ծանր պայմաններում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» նախագահը հանդիպել է Ռոման Աբրամովիչի հետ’