‘Կինոկենտրոն. «Գարեգին Նժդեհը» Կաննի կինոփառատոնին չի ներկայացվի’

1074

Հայաստանի ազգային կինոկենտրոնը մինչև հիմա երկու ֆիլմ է ներկայացրել Կաննի կիոնփառատոնի մրցութային ծրագրի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմը և «Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» ֆիլմը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նա հերքեց լուրերը, թե Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ևս ներկայացվել է կինոփառատոնի մրցութային ծրագրին:

«Նման բան որևէ տեղ, որևէ անգամ չի եղել, և չի ներկայացվել Հրաչ Քեշիշյանի ֆիլմը Կաննի փառատոնում: Ուրիշ խնդիր է, որ Կաննի փառատոնի շրջանակներում գործող կինոշուկայում Հայաստանն ունի տաղավար, որտեղ ցանկացած հայ պրոդյուսեր կարող է գալ և իր պրոյեկտը ներկայացնել: Ինչ վերաբերում է «Գարեգին Նժդեհին», այն պրոյեկտ չէ, պարզապես իրենք խնդրել են, որ եթե պետք լինի՝ հանդիպումներ կկազմակերպեն մեր տաղավարում: Իրենք են ներկայացնում իրենց ֆիլմը, մենք դրա հետ որևէ կապ չունենք»,- ասաց Գևորգյանը՝ ընդգծելով, որ տաղավարը բաց է բոլորի համար, և բոլորին հնարավորություն է տրված ներկայացնելու իրենց արտադրանքը տաղավարում:

Մեր հարցին, թե արդյոք հետագայում կինոկենտրոնը պատրաստվո՞ւմ է «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ներկայացնել միջազգային կինոփառատոների շրջանակներում, Գևորգյանը պատասխանեց, որ իրենք այդ ֆիլմի հետ որևէ կապ չունեն:

Նշենք, որ այս տարի Կաննի կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 15-26-ը: Կաննի 66-րդ կինոփառատոնի ժյուրին կգլխավորի հայտնի ռեժիսոր ու պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը «մի երկու խոսք կասի» նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ահմադինեժադի կառավարությունը ոչնչացրեց Իրանի երեսնամյա ձեռքբերումները’