‘Կիպրոսի իշխանությունները հայտարարել են երկրի միակ բանտը բարեփոխելու միջոցառումների մասին’

744

Արագ արձագանքման հատուկ ոստիկանական ստորաբաժանումը մշտական հիմունքներով տեղակայվել է Նիկոսիայի կենտրոնական բանտում՝ Կիպրոսի Հանրապետության միակ ուղղիչ հաստատությունում: Այդ մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Իոնաս Նիկոլաուն: Ինչպես հաղորդում է Cyprus Mail թերթը, դա այն 35 միջոցառումներից մեկն է, որոնք մշակվել են և առաջիկայում կիրականացվեն նախագահ Նիկոս Անաստասիադիսի հրահանգով, ով վրդովմունք է հայտնել բանտում տիրող քաոսի և անկարգության առիթով: Կիրակի օրը պետության ղեկավարն այցելել էր Նիկոսիայի կենտրոնական հիվանդանոցում գտնվող ռումինացի կալանավորին, որը բռնությունների էր ենթարկվել: Եւ դա ամենևին էլ առաջին դեպքը չէ ուղղիչ հաստատությունում, որը թաղված է տարբեր կարգի խնդիրների մեջ՝ սկսած գերբեռնվածությունից մինչև արտոնություններ, որոնցով  կաշառքի օգնությամբ օժտվում են առանձին կալանավորներ: «Կառավարությունը անզիջում կլինի ինչպես հանցագործների, այնպես էլ նրանց հետ համագործակցող ոստիկանների և բանտապահների նկատմամբ»,- հավաստիացրել է նախագահը: Անաստասիադիսն այս խոսքերն ասել է նույն օրը, երբ բանտում ապստամբություն էր ծագել այն բանից հետո, երբ  բանտախցում կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել ցմահ ազատազրկման դատապարտված 40-ամյա իրանցի կալանավորը: Տասնյակ դատապարտյալներ դուրս էին եկել վերահսկողությունից: Նրանց հանդարտեցնելու համար ոստիկանության հատուկ ստորաբաժանում էր ուղարկվել, որը կարողացել էր մեկ ժամվա ընթացքում հանգստացնել ապստամբներին: Սակայն հունվարի 14-ին հայտնի էր դարձել ևս մեկ ինքնասպանության մասին, որը գործել է բռնաբարության համար 12-ամյա ազատազրկման դատապարտված 28-ամյա մի բուլղարացի: Նիկոլաուն հաղորդել է, որ ընդհանուր առմամբ՝ անցյալ տարի բանտում արձանագրվել է ինքնասպանության 50 դեպք՝ նախորդ տարվա 35-ի դիմաց, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մի քանի հարյուր հարավսուդանցիներ ջրահեղձ են եղել Սպիտակ Նեղոսում’
Հաջորդ հոդվածը‘Երեխաների առևտրով զբաղվող մանկաբարձը Չինաստանում մահվան է դատապարտվել’