‘Կիսելյովը կարծում է, որ Գյումրիի ողբերգությունը կհամախմբի ժողովուրդներին, իսկ Լիմոնովը մահապատիժ է պահանջում ‘

1627

Գյումրի քաղաքում տեղի ունեցած ծանրագույն հանցագործության շարժառիթն անբացատրելի է, իսկ կատարվածը, հաստատ, հակասում է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների բնույթին: Այդ մասին «Վեստի նեդելի» ծրագրում հայտարարել է հեռուստահաղորդավար, «Ռոսիա սևոդնյա» ԼԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

Նրա խոսքով, Գյումրիի ողբերգությունը Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր վիշտն է: «Իմ կարծիքով, այն պետք է էլ ավելի համախմբի մեր ժողովուրդներին: Այժմ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից հետո մենք ավելի են մերձենում միմյանց», — նշել է նա:

Իր հերթին սկանդալային համբավ ունեցող ռուսաստանցի քաղաքական գործիչ, Ազգային-բոլշևիկյան կուսակցության նախկին նախագահ Էդուարդ Լիմոնովը մահապատիժ է պահանջել Վալերի Պերմյակովի համար:

Իր «Ժիվոյ ժուռնալում» Լիմոնովը, մասնավորապես, պահանջել է ՌԴ գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի արտագնա նիստ անցկացնել Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանում և Պերմյակովին դատապարտել գնդակահարության:

«Քանի որ հայ ժողովուրդը պահանջում է խստագույն պատիժ, իսկ ռուս ժողովուրդը մանկասպանին պաշտպանելու խոսքեր չի գտնի, ապա հարկավոր է բարձրագույն պատժի դատապարտել զանգվածային մարդասպանին», — գրել է Լիմոնովը:

Նախորդ հոդվածը‘Հայաստան կժամանի Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի հայերի միությունը առաջարկում է հունվարի 21-ը Սգո օր հայտարարել Հայաստանում’