‘Կիրակնօրյա խմբագրական. Էդ գլուխն անբուժելի հիվանդ է’

2338

Սերժն ԱԱ~Խ վերջին նիստին ասել է` մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Ու քանի որ էդ նորը հին վարչապետն է կառուցում. «Մենք պետք է ոլ-ո-լո-րտ առ ո-լո-լորտ մեր տնտեսությունը վերափոխենք թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով», Էնպես որ՝ ամուր կապեք ձեր ամրագոտիները, քանի որ ամառը թեժ է լինելու, իսկ մենք վարչապետի հեղինակած «Հայկական աշխարհ» բազմասերիանոց ֆիլմի հաջորդ մասին ենք ականատես լինելու: Թե հայոց «նոր տնտեսական հրաշքի» հիմքում Ներսես Շնորհալու որ ստեղծագործությունն է ընկած, դեռ հայտնի չէ, բայց կարևորը` հավատա, որ մեռելոցին գործ չանես, ու ընդհանարապես գործ չանես, բայց առոք-փառոք ապրես ապահով Հայաստանում:

Սերիալի նախորդ մասերի համառոտ հիշեցումից առաջ մի անեկդոտ հիշենք: Ուրեմն, էս ղարաբաղցու գլուխը հա´ ցավում է, ինչ բժշկի գնում է, բոլորն ասում են` հնար չկա, պիտի կտրենք: Վերջը մի շատ փորձառու բժշկի մոտ է գնում ու ասում.

-Դոխտուր, մին ճար ըրա, ստի պեն չի ինիլ: Շտեղ քեցի, լոխ ասալ ըն` ամպուտացիա:

Էս բժիշկն էլ, թե.

-Ի՞նչ կարիք կա կտրելու, ես ձեզ դեղ կտամ, կխմեք, կչորանա՝ ինքն իրեն կպոկվի:

Հիմա սրանցն է: Էն որ մարդա մեկի գլուխը խարաբ է, երևում է նաև վերջին տարիներին երկիրը ոտքի հանելու գաղափարական-տնտեսական հեղինակի բնորոշմամբ` հավակնոտ հայեցակարգերից: Դրանք շատ են, բայց բոլորն էլ կառուցված անեկդոտի վրա` ինչպես 7 տոկոսանոց տնտեսական աճը, որին զուգահեռ արտագաղթը շատանում է, ստացվում է, որ երկիրն օրեցօր ծաղկում է, իսկ մարդիկ չեն ուզում ավելի լավ ապրել, փախչում են լավ կյանքից:

Սկզբում՝ էդ գլուխը մտածում էր, որ էս մեր աննավթ, անծով ու փակ երկրի կապիտալն աշխարհասփյուռ հայությունն է: Հասարակ թվաբանություն էր. հազարից մեկն էլ հաստատ փողատեր կլինի կամ էստեղ բարեկամ ընտանիք կունենա, ուրեմն էստեղ փող կուղարկի, մենք էլ մեր պստիկ երկիրը էդ փողերով կդարձնենք դրախտ: Ու ծնվեց տրանսֆերա-բարեգործական Հայաստան հայեցակարգը, որտեղ մի քանի մարդ պիտի պարզապես ներկրի ապրանք, իսկ մարդիկ առնեն էդ ապրանքը՝ դրսից իրենց բարեկամների ուղարկած փողերով: Սփյուքի միլիոնատերերն էլ մարդա մի գյուղ, մի համայնք կվերցնի` ջուրն ու գազը քաշի, ճամփեն կարգի գցի, դպրոց, բուժկետ, էլ ինչ է պետք, մնացածը` քարից հաց քամող հայ գյուղացին իր ուժերով կանի: Մեր գյուղացին աշխատավոր է, հողուջրին կապված. թե պայմանը լավ լինի, հազար տարի մնա՝ չի գնա Ռուսաստան, տուն-տեղ, կնիկ-երեխա էստեղ թողած՝ մտնի բոզ Նատաշի ծոցը, մոռանա, որ ետ գալ կա, Հայաստան կա, սարերի հովին մեռնել կա: Ու վարչապետը որոշեց ձեռի հետ Ագրո-Հայաստան սարքել ու հեռուստատեսությամբ ժողովրդին բացատրել, որ կովի կուրծքը պետք է գոլ ջրով լվանալ: Բայց մի բան էլի սխալ էր հաշվել էս գլուխը, կամ հայությունը տասը միլիոն չէ, կամ էդքան փողատեր չկար, կամ էլ՝ հարիֆ չկար, կամ էլ՝ Նատաշի ծոցն էին թերագնահատել:

Հետո ասին` աշխարհը չի ուզում գալ մեզ տիրություն անել, մենք կգնանք իրենց դուռը: Երբ Տիգրան Սարգսյանը երկնեց «Հայկական աշխարհ» զիլ հոգևոր-տնտեսական նախագիծը, նա մտածում էր` ոնց մտնի ամեն հայի գրպանը: Ուրեմն, էս տասը միլիոն հայը, ուզեն-չուզեն, ուտում են, խմում են, հագնվում են, ծախսեր են անում: Էս մեր հայը Փարիզում իրիգունը կնգա հետ կկռվի, կնյարդայնանա, կիջնի տան կողքի էն սուպերմակետից սիգարետ առնելու, մեկ էլ աչքով կընկնի մեր հայկական «Չիբուխը». հո մերը թողած՝ էդ զզվելի Ֆիլիպ Մորիսինը չի առնելու: Կնիկն էլ օրնիբուն «Արտֆուդի» պահածոներ կառնի, խանութում կռիվ կանի, կգոռա` «Աշտարակ կաթի սմետան եմ ուզում, Գառնու լավա~շ»: Ու, ոնց որ ասում էր Սերժիկը` մեր թթվի, մեր բիբարի համը կգցենք աշխարհի բերանը, աշխարհով մեկ մեր բարիքը կարտահանենք, փողերն էլ կգա, ու կապրենք, քեֆ կանենք: Բայց դա հին մուտիտ է, դեռ Սովետի փլվելուց էին ասում` հեչ որ չլինի, սաղ աշխարհին «Կոկա-Կոլա»-յից կիջեցնենք՝ «Ջերմուկի» վրա կնստեցնենք, ու մեր «Ջերմուկը» գազ տված մեզ կպահի: Չի ստացվում, մի բան էն չի հաշվում Տիգրանը: Ասում են՝ հրեաների, մեկ էլ կելտերի փորձը պիտի համադրենք, ու հայկական երջանկության մեխանիկան հրեակելտական հիմքերով կառուցենք, որ թազադան հեծանիվ չհորինենք: Էստեղ սերիալն ընդհատվում է, գալիս է լիքը կարկուտ, խփում ծեծած տեղին, ու վարչապետը հրաժարվում է սաղ աշխարհին ծիրան կերցնելու մտքից:

Մի սերիայում գլուխը որոշում է, որ Հայաստանը օֆշորային դրախտ պիտի սարքի, բայց էս վերջերս տեսանք, որ ինքը սկի իր թալանի համար չի օգտվում հայրենի բանկային համակարգից, էստեղ թալանածը տանում լրիվ ուրիշ երկրում է պտտացնում: Ուրեմն, իբր, պիտի ԿԲ-ն տեղափոխեին Դիլիջան, բայց, երկու ստաժորից բացի, ոչ մեկը չուզեց գնալ՝ էնտեղ ապրել: Ու վրչանիկն էլի տխրեց ու մտածեց, որ հավատն է պակասում: Որ հայոց հողը սրբազան է, որ մենք էդ էներգետիկան պիտի ծախենք աշխարհին ու առոք-փառոք ապրենք, պետք է ուղղակի մի քիչ հարմար սարքենք, որ մարդիկ հեշտ հասնեն հայկական բարձրավանդակի հոգևոր բարձրակետերին, ասենք՝ ճոպանուղի քաշենք դեպի Տաթև, ու շատ կարևոր է, որ էդ լինի աշխարհի ամենաերկարը: Հաջորդ սերիայում վարչապետը մտածեց, որ մեր կապիտալը մեր խելքն է, ուրեմն պիտի սարքենք ՏՏ-Հայաստան: Մենք շատ խելոք ենք, էսքան խելքի ավելցուկ կա, մեր ուղեղը կծախենք աշխարհին, մեր ծրագրավողները կոդեր կգրեն, մենք էլ… բայց արի ու տես, որ ծրագրավորողներն էլ ընտանիքներով չվում են Կանադա, ուղեղների արտահոսքն անկասելի է, իսկ հնդիկները նույն գործն ավելի էժանով են անում:

Թե ինչ կլինի Սարգսյանների հեղինակած սերիալի հաջորդ մասում, կապրենք` կտեսնենք, բայց ինչպես ասում էր մի ծանոթ բիձուկ` էս տնտեսությունը տնտեսություն չի, պետք ա քանդել, նորից կառուցել: Ի դեպ, երբ Լևոնն եկավ ասաց՝ պետք չէ քանդել, պետք է կազմաքանդել ավազակապետական բուրգը, քաղաքական տեքստն անեկդոտի մակարդակի հասցրած հանրապետականները սկսեցին ճվճվալ` վայ, պետականության հիմքերն են խարխլում, անկախ իրենցից ընդունելով, որ պետությունն ու ավազակապետությունը նույնական են: Սկսեցին բոցաշունչ ճառեր գրել, որոնց բարձրակետը Սերժի` էս երկիրը երկիր է, ռոմանտիկ պոպուլիզմի ժանրային գլուխգործոց ելույթն էր, որտեղ երկրում տիրող խայտառակ վիճակի պատասխանատվությունը գցեցին հիվանդ հասարակության վրա: Իսկ էսօր շատ հանգիստ ասում են` մենք նոր տնտեսություն ենք կառուցում, կարծես վերջին տանսամյակում մուկ տշելով էին զբաղված: Բայց դե, բոլորս էլ գիտենք` ձուկը գլխից է հոտում, ու էդ գլուխն իրոք անբուժելի հիվանդ է, կամ պիտի կտրենք, կամ էլ դեղ տանք՝ ինքն իրեն չորանա պոկվի:

 

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոն`միացյալ ընդդիմության թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսը խզում է հարաբերությունները Սիրիայի կառավարական ուժերի հետ ‘