‘Կիրակնօրյա խմբագրական. Հերթական հեքիաթն՝ առանց երեք խնձորի’

3272

Պատկերացրեք այսպիսի տեսարան. ծնկադողը մի կերպ զսպելով կամ չզսպելով, ողնաշարը կիսածալված՝ ամբիոնին է մոտենում ամենքիդ հայտնի որեւէ արվեստագետ, գրող կամ գիտնական եւ հուզմունքից շնչակտուր՝ իր երախտագիտությունը հայտնում… Կարծում եք՝ Աստծու՞ն, որ իրեն տաղանդ է շնորհել, կամ ծնողների՞ն, որ իրեն լույս աշխարհ են բերել: Ամենեւին: Այս մարդիկ մինչեւ գետին շնորհակալ են Սերժիկ Սարգսյանին: Կամ՝ Տիգրան Սարգսյանին: Կամ՝ Տարոն Մարգարյանին: Կամ՝ ցանկացած «ճ» կլասի չինովնիկի: Ինչու՞: Տվյալ գրական ստեղծագործության, երաժշտության, ներկայացման կամ արժեքավոր հայտնագործության հեղինակները Սերժիկը, Տիգրանը, Տարոնը կամ «ճ» կլասի չինովնիկնե՞րն են: Ամենեւին: Այս գորշ թամաշայի առիթը մեդալը կամ շքանշանն է, որ մեծուփոքր պաշտոնյաները կախում են այս երախտագիտությունից կուչ եկած մարդկանց դոշերին:

Գուցե տարրական բարեկրթության պահանջը դա է. «շնորհակալ եմ» ասել նրան, ով այդ բաղձալի պարգեւը տալիս է: Բայց ինչու՞ այդպես ստորաքարշորեն, ինչու՞ դողդոջուն ձայնով, ինչու՞ կորացած մեջքով: Գուցե այս նվաստացուցիչ տեսարանի պատճառը մեդալը կամ շքանշա՞նը չէ, այլ ծրա՞րը, որի մեջ պատկառելի գումար կա: Դժվարին կյանք ապրող մարդու համար սա, իրոք, պարգեւ է: Բայց գուցե ծրարը վերցնելիս այս մարդիկ հիշե՞ն, թե ում մեղքով են իրենք կիսաքաղց ապրում, եւ թե այդ ծրարի դիմաց՝ քանի-քանի այդպիսի եւ անհամեմատ հաստլիկ ծրարներ են գողացել իրենցից հենց այդ «առատաձեռն» ու «բարի» մարդիկ, եւ մի քիչ նվազեցնե՞ն քծնանքի չափաբաժինը:

Չեն հիշում: Ծալծլվում են, ծեքծեքում են, դողդողում են: Բացառություններն աննշան են: Եվ ոչ մեկն այս մարդկանցից այդ պահին չի հիշում իր իրական ընթերցողին, իր ունկնդրին, իր հանդիսատեսին, որը հեռուստացույցի առաջ նստած՝ տեսնում է իրենց ծռմռված «ուրվագիծը» եւ կորցնում հերթական հեքիաթը, որի հերոսը մի ժամանակ այդ մեդալակիրը կամ շքանշանակիրն էր:

Նույն իրավիճակը հայաստանյան մարզաշխարհում է: Վերջին օրերին ֆուտբոլասերներն ալեկոծված էին Հենրիխ Մխիթարյանի լիվերպուլյան հայտնի պատմության համար, պատրաստ էին փողոց դուրս գալ եւ «ազատություն» պահանջել հազարումի անտեսանելի քարկապերով սանձված երիտասարդին: Եվ ի՞նչ: Երեկ երեկոյան տաղանդավոր ֆուտբոլիստը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ինքը երախտապարտ է Նեմեց Ռուբոյին եւ հավիտյանս հավիտենից երախտապարտ է լինելու: Ով հավատաց, որ ֆուտբոլասերների սիրելի Հենոն ինքնակամ է գրել այս հայտարարությունը՝ իր խղճին թողնենք, բայց հասարակության մեծամասնությունը վստահ է՝ եթե Հենոն ընտրելու հնարավորություն ունենար, այդ «մեղայականը» չէր գրվի:

Ավելի նողկալի տեսարան, քան ամեն անգամ հայ շախմատիստների հերթական հաջողությունից հետո Սերժիկ Սարգսյանի հայտնվելն է «Պառնասի գագաթին»՝ հնարավո՞ր է պատկերացնել: Որեւէ մեկն իրեն հարց տվե՞լ է՝ էս մարդն ինչու՞ է դուրսպրծուկի նման մեջտեղ ընկնում ու պղտորում շախմատասերների անկեղծ ու ջինջ ուրախությունը, սա ո՞վ է, ի՞նքն է հուշում, թե իր հակառակորդին ոնց «մատ» անի անի Լեւոն Արոնյանը:

Պարզունակ տրամաբանությունը չի՞ հուշում, որ եթե ինչ-որ մեկին երախտապարտ են մարզիկները, ապա այդ մեկն իրենց մարզիչն է, ոչ թե հղփացած, մինչեւ կոկորդը հանցագործությունների մեջ թաղված ոմն պաշտոնյա կամ մեծահարուստ, որը, գուցե, ժամանակ առ ժամանակ գումար է խոթում մարզիկի գրպանը, բայց այդ գումարը հենց այդ նույն մարզիկից, նրա ընտանիքից, նրա հարեւանից ու բարեկամից գողացած գումարի չնչին մասն է ընդամենը:

 Հենոն հայտարարեց, որ Նեմեցին երախտապարտ է, եւ միայն հրաշքը կփրկի իրեն այս «բարերարի» ճանկերից:

Մի հեքիաթ էլ ավարտվեց առանց երեք խնձորի:    

Նախորդ հոդվածը‘Կիրակնօրյա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Ներիշխանական առճակատման խոհանոցը’