‘Կիրակնօրյա ֆելիետոն. Արտահերթ խորհրդակցություն Սերժ Սարգսյանի առանձնատանը’

3533

Կառավարությունում ռեալիթի-շոու` արտահերթ խորհրդակցություն հրավիրելուց հետո, այլևս ոչ մի բան չի խանգարում, որպեսզի նույն շոուն բեմադրվի նաև կառավարական ամառանոցների` Սարգսյաններին պատկանող տանը: Ժողովրդին պետք է ցույց տալ, որ Սարգսյանները, թեև մի 4 տարի ուշացումով, բայց սկսել են հավատալ ու փոխվել: Այդ դեպքում Սերժ Սարգսյանը կհավաքի իր ընտանիքի անդամներին, տեսախցիկները կմիացվեն և կստացվի մոտավոր այսպիսի մի բան:

 -էս առումով ես քո` առաջին տիկնոջ աշխատանքը Ռիտա, շատ բացասական եմ գնահատում: Շատ բացասական: Մենք 4 տարի ա` քեզ հետ խոսում ենք էս թեմայով, 4 տարի ուղիղ: Բայց պրոցեսները շարունակում են, գնում են` կես ամիս հետո կփոխվեմ, մի տարի հետո կփոխվեմ: Գոնե էն տեխնիկական խնդիրները կարո՞ղ ենք լուծել, մազերիդ երանգը կարո՞ղ ես փոխել: Թե հետո պիտի գնանք քո ընկերուհիների հետևից, ովքեր քո անունից պարտքեր են վերցնում, ովքեր իրանց քեռու տղային են բերում քո կազմակերպած մրցույթներին հաղթեցնում` չգիտեմ, չգիտեմ` կրկնակի ավել մրցանակներով: Վերցրու-նայի վերջին երկու-երեք տարում մեր դաչայի շինարարական աշխատանքները, տես` ինչքան է թանկացել, մեր հատակին Մոնա Լիզայի պատկերը հավաքելն ինչքան է թանկացել: Եւ տարօրինակ ա, մենք շորեր ենք ձեռք բերում, որը շուկայում ավելի էժան ա: Մեկը դրա համար պի՞տի պատասխան տա, թե՞ չէ: Թե՞ անպայման պիտի մեկին մի լավ տփեմ: Սաշիկի պատմությունը մեջտեղ բերե՞նք, տաս անգամ էն ժամանակ էլ ասում էի, լսեք` մեր տան հավաքարարների աշխատավարձերը կարգավորեք, բոլորն ասում էին` կարգին ա, ստեղ բան չկա, վերջը պարզվեց, որ տարեկան 12 մլրդ էնտեղ մենակ տնտեսում կարանք անենք: Իսկ ստեղից ինչքա՜ն կարող ենք անել: (Ջղայնացած դեմքով մի քանի վայրկյան լռում է):

Անթույլատրելի է: Ան-թույլ-ա-տրելի: (Բութ մատը միացնում է ցուցամատին և միջնամատին ու մի քանի վայրկյան պահում կնոջ դեմքի մոտ): Պիտի կարողանանք էս պրոցեսը կարգավորել, հետո անցնել մնացած խնդիրներին, չէ՞: (Երկար լռություն, տիկին Ռիտան աչքի տակով իրեն է նայում): Մի բուծիկից կատարած գնումներում ես պրոբլեմ չեմ տեսնում: Օպերատիվության համար դա կարելի է անել: Բայց պետք ա անել մարդավարի: Բոլոր պահանջները պահպանելով` բոլոր բուծիկները ուսումնասիրելով, բոլոր բրենդները ուսումնասիրելով, համեմատելով և վերջում, արդյունքում ասել` տես մի բուծիկից (օրինակ` Շանելի) շորերս առա, և որևէ բանով չի տարբերվում Ֆիրդուսի շուկայի շորերի գներից: Եթե տարբերվում ա` դեպի էժանի կողմն ա տարբերվում: Ա հարուր բան կարող ա ըլնի, շոր ա ճղվում, նոր բրդենդներ են հայտնվում, պարտադի՞ր ա էդ բոլորի համար բուծիկներին ասել տենդեր անցկացնեն մեր համար: Բայց արդեն գիտենք, որ վատ բան ա կատարվում, դրա համար ամեն անգամ ասում եք` մի բուծիկից: Արդեն եթե ասում ես մի բուծիկից, նշանակում ա գողացար մի մասը, Ռիտա:

Էդ փնթի վերաբերմունք ա, փնթի: Իմ խորին համոզմամբ, էս խնդիրը կազմված ա երկու հիմնական ուղղություններից: Մի ուղղությունը կանոնակարգումն ա, մյուսը` մարդկանց անբարեխիղճ վերաբերմունքը: Եթե ուրիշ բառերով չասեմ` որ փորձեք խախտել էդ կանոնակարգերը, հանցագործության գնաք: Հիմա մերը և ընդեղ ա վատ, և` ստեղ ա վատ: Պտի կնիկը պատասխանատվություն կրի, չգիտեմ` ֆինանասկան, թե` այլ: Էդպես չի կարող լինել, Ռիտա: Չի կարող  լինել, որ մենք քո հովանու ներքո անցկացվող հավաքույթների համար միլիոններ ծախսենք, հետո բանից պարզվի, որ տարրական բաներ էնտեղ հաշվի չեն առել, որ դու բիդուձիներով ու խալաթով էիր կազմակերպել այդ հավաքույթը, որ կեսից կոշիկներդ հանել ու սկսել ես պարել: Արդեն 3 շաբաթ ա մենք դրա մասին գիտենք, ու դեռևս մատներս մատներիս չենք տվել, (ձեռքերը շփում է իրար և ջղայնացած նայում է տիկին Ռիտային):

Մենք բազմաթիվ ոլորտներում պրոբլեմներ ունենք: Կապված և գնումների հետ, և մեր ընտանեկան բյուջեն տնօրինելու հետ: Նախ ես ցանկանում եմ, որպեսզի իմ անվտանգությունն ապահովող Վաչիկը էս խնդրով լրջորեն զբաղվի, շատ լրջորեն: Բայց էլի չգնանք ասենք` էն հավաքարարը 50 դրամ գողացավ, էն մյուսը` 1000 դրամ: Գլխից պիտի բռնենք, (բութ մատն ու ցուցամատը կլորացնում է` ցույց տալով օղակ), մեծերին, (նայում է իր անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանին ու հայացքով ցույց է տալիս դեպի Սաշիկ Սարգսյանը): Մեծ խնդիրներ կան դեռ քո Մայրանուշ ընկերուհու հետ կապված, մարդիկ դեռ համոզված չեն, որ քեզ հանդիպելու, դպրոցի տնօրեն ու պատգամավոր դառնալու, պետական ֆինանսավորմամբ համերգներ կազմակերպելու համար դեռ իրեն չպետք է միջնորդավճար վճարեն: Բոլորը պտի համոզված լինեն, որ եթե էդպիսի բան լինի, արդեն դու ես անձնապես պատասխանատու, Ռիտա:

Նույնը վերաբերվում ա քո ընկերուհի Վարդուշին: Քանի ամիս ա արդեն քո ընկերուհին ա, 5-6 ամիս ա արդեն ընկերուհիներ եք, չէ՞, վսյո, էդ մարդիկ պտի համոզված ըլնեն, որ չի լինելու էդ բանը:

Էական բարեփոխումներ պտի լինի քո մոտ, Սաշիկ ջան: Ինձ համար անհասկանալի ա, թե ինչպե՞ս կարող ա իմ եղբայրը փայ մտնի մարդկանց բիզնեսներում: Ի՞նչ ա նշանակում փայ ա մտնում բիզնեսներում: Թերթերում եմ կարդացել, մինչև հիմա չեմ իմացել: Զարմացած եմ ուղղակի: Էդպիսի հասկացողությունը ո՞րն ա: Ուզում եմ, որպեսզի բոլորդ, ոչ ձևական, այլ` իրականում դառնաք իմ դաշնակիցներից մեկը էս հարցում: Ես չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, թե ինչպես կարելի ա դեղերը էդպես շաղ տալ տնով մեկ, էդպես թողնել էլի: Դերո, (նայում է` խորհրդակցությանը ներկա Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին), արդեն դու էլ ահագին ժամանակ ա` գալիս ես մեր տուն, դա առաջինը քո խնդիրն ա, դու կարող էիր արդեն վաղուց էս հարցում բեկում մտցնել: Վայ չէ, էդ ուրիշ տեղից էր բեկումը: Էդ ընդդիմությունն ա բեկում ուզում, մենք` չենք ուզում: Հա ուրեմն, չեն երևում, չեն երևում նոր դեղերը: Սենց տեմպերով մենք ո՞ւր ենք գնալու հասնենք, մինչև Կանադայի սահմանը նույնիսկ չենք հասնի: Սկի մինչև 7-րդ երկինք չենք հասնի: Եկել ա ժամանակը, որ կշտամբելով մենք չենք բավարարվելու:

Տիկին Ռիտա-Իմ սիրելի ամուսին, պարոն նախագահ, մենք ձեր բոլոր բարձրացրած հարցերը կդարձնենք քննարկման առարկա, ձեզ կներկայացնենք ժամանակացույց միջոցառումների, և համոզված եմ, որ այն բոլոր գնահատականները, որ տվեցիք նաև սթափեցնող է:

Սաշիկ Սարգսյան- Այո, սթափեցնող է: Այնքան, որ ես նույնիսկ տեղում սթափվեցի:

Ծաղրանկարը՝ «Совещание», Махмуд Эшонкулов (http://caricatura.ru)


Նախորդ հոդվածը‘Թյերի Անրիի ֆանտաստիկ գոլը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ինչ էլ արել եմ, լավ եմ արել, եթե հնարավորություն ունենամ, էլի եմ անելու. Վ.Այվազյան’