‘Կիևը Կիսելյովին կասկածում է ահաբեկիչներին աջակցելու մեջ’

1038

Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական խայթոցներից անցել է  հեռակա քրեական գործեր հարուցելու փուլ: Անցյալ ուրբաթ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ռուսաստանի մի քանի քաղաքացիների  նկատմամբ հետաքննում է ահաբեկչությանն աջակցելու գործը:

Ինչպես տեղեկացրել է գերատեսչության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն, այդ գործով անցնում են «Ռոսիա» հեռուստատեսության հաղորդավար և «Россия сегодня»- գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը և Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Վլադիմիր Կուլիշովը: «Ուկրաինայում ահաբեկչության կազմակերպիչները և ֆինանսավորողները ոչ միայն կասկածյալ են դառնում, այլև նրանց նկատմամբ քննություն է  կատարվում՝ ահաբեկչությունը ֆինանսավորելու, ահաբեկչական գործունեությանն աջակցելու հոդվածով»,- ասել է Նալիվայչենկոն՝ ընդգծելով, որ խոսքը Կիսելյովի մասին է:

Կիսելյովն ինքը հերքել է ուկրաինական իշխանությունների այս մեղադրանքները՝ դրանք անվանելով «այն ցնորքների շարունակությունը, որոնցում ապրում են Կիևում իշխանության լծակների մոտ գտնվող ազգայնականները»:

ՌԴ  դիվանագիտական գերատեսչությունը այդ մեղադրանքներն անվանել է անհեթեթ և սադրիչ:

Կիսելյովը հայտնի է քաղաքական իրադարձությունների և հասարակական երևույթների վերաբերյալ իր չափազանց կտրուկ մեկնաբանություններով: Առաջին անգամ Կիսելյովն անցյալ տարի հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ հայտարարեց, որ համասեռականության քարոզչության համար տուգանելը քիչ է, գեյերին պետք է արգելել դոնորական արյուն հանձնել, իսկ «նրանց սրտերը, վթարի դեպքում՝ թաղել հողի տակ կամ այրել»:

Մարտին, Ուկրաինայի հետ հակամարտության ամենաթեժ պահին նա հայտարարել էր, որ Ռուսաստանի միջուկային զինանոցը թույլ է տալիս ԱՄՆ-ը վերածել «ռադիոակտիվ մոխրի»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երեւանում եւ այլ մարզերում’
Հաջորդ հոդվածը‘Մերկել. Լրտեսական սկանդալը կարող է խարխլել վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ’