Կիևը Սերբիայից խնդրում է հանձնել ՈՒԱԾ նախկին գեներալ Նաումովին

459

Ուկրաինան դիմել է Բելգրադին՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին գեներալ և բարձրաստիճան պաշտոնյա Անդրեյ Նաումովին արտահանձնելու խնդրանքով․ նա չորս ամիս առաջ ձերբակալվել է Սերբիայում փողերի լվացման կասկածանքով։

Նաումովը, որին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դավաճան է հայտարարել և զրկել կոչումից, երկիրը լքել է փետրվարի 23-ին՝ ռուսաստանյան ներխուժումից մի քանի ժամ առաջ։

Ուկրաինացի քննիչներն այն ժամանակ հայտարարել են, որ Նաումովը պետական դավաճանության ակտ է կատարել, իսկ ՈՒԱԾ-ում նրա նախկին գործընկերները  հայտարարել են, որ Նաումովը կարող էր Ռուսաստանին տվյալներ փոխանցել Չեռնոբիլի շուրջ անվտանգության համակարգերի մասին, քանի որ ծառայության բերումով տեղյակ էր դրանց։

Նաումովին ՈՒԱԾ-ից հեռացրել են դեռ 2021 թ․ ամռանը։ Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են անշարժ գույքի մասին, որը նրա ընտանիքը ձեռք էր բերել ծառայության մեջ նրա աճին զուգընթաց։

Նաումովը ձերբակալվել էր Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի սահմանին, փողերի լվացման կասկածանքով։ Նրա հետ միասին ձերբակալվել էր նաև Գերմանիայի քաղաքացի Ալեքսանդր Ակստը, իսկ նրանց ավտոմեքենայում հայտնաբերվել էր չհայտարարագրված խոշոր գումար՝ 600 հազար եվրո, ավելի քան 125 հազար դոլար, ինչպես նաև թանկարժեք քարեր։

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է
Հաջորդ հոդվածըԲայդենը քննադատել է Ուկրաինայի օգնությունը կրճատելու կողմնակից հանրապետականներին