‘Կիևից Երևան և հետադարձ չվերթերը չեղյալ են հայտարարվել’

1073

Ուկրաինայի «ԱերոՍվիթ» ավիաընկերությունը, որը ֆինանսական դժվարություններ է կրում, հունվարի 9-ին չեղյալ է հայտարարել մի քանի չվերթ: «Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է փոխադրիչի բազային՝ Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի կայքի օնլայն-տաբլոն: Մասնավորապես, չեղյալ է հայտարարվել Կիևից Երևան չվերթը, որը պլանավորված էր հունվարի 9-ին ժամը 12:50-ին (Երևանի ժամանակով ժամը 14:50-ին): Հետաձգվում են փոխադրիչի չվերթերը Կիևից Բաքու և Գոա: Ըստ որում, հունվարի 9-ի առավոտյան ընկերության մի քանի ինքնաթիռներ Կիևից մեկնել են Մոսկվա:

Բացի այդ, չեղյալ են հայտարարվել Պրահայից և Երևանից երեկոյան չվերթերը Կիև, հետաձգվել են Աստանայից, Նյու Յորքից, Բանգկոկից, Թել Ավիվից նախատեսված չվերթերը:

«ԱերոՍվիթ» ընկերությունը թռիչքների իրականացման հետ կապված դժվարություններ է կրում 2012 թվականի դեկտեմբերի սկզբից: Դեկտեմբերի 29-ին Կիևի մարզի տնտեսական դատարանը «ԱերոՍվիթ»-ի սնանկացման գործ է բացել: Ավելի ուշ ընկերությունում պարզաբանել են, որ այդ կերպ իրենք ցանկանում են սկսել առողջացման ընթացակարգ:

Հունվարի սկզբին «Աերոսվիթ»-ի սնանկացումը հանգեցրել է ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս մի քանի տասնյակ չվերթերի հետաձգման: Ներկայում ավիաընկերության չվերթերը չեղյալ են հայտարարվում ամբողջ աշխարհում, ինչի հետևանքով օդանավակայաններում կուտակվել են հարյուրավոր ուղևորներ:

Նախորդ հոդվածը‘Կոմունիստներն առաջարկում են ԱՄՆ-ին թույլ չտալ մասնակցել Սոչիի Օլիմպիադային’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Բոլորին կարոտել էի’