Կիևի մոտ ուղղաթիռն ընկել է մանկապարտեզի վրա․ 18 զոհ

441

«Բրովարի քաղաքում, մանկապարտեզի ու բնակելի շենքի մոտ, ուղղաթիռ է ընկել։ Ողբերգության պահին մանկապարտեզում են եղել երեխաներ և աշխատակիցներ։ Այս պահին բոլորին տարհանել են։ Կան տուժածներ»,- գրել է Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան։

Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ չորեքշաբթի առավոտյան ավիաաղետի զոհ է դարձել երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարությունը՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը, ՆԳՆ պետքարտուղար Յուրի Լուբկովիչը։

Կլիմենկոյի խոսքով՝ աղետի է ենթարկվել Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող ուղղաթիռը։ Նա նաև հաղորդել է, որ տուժած 22 անձ հիվանդանոց է տեղափոխվել, այդ թվում՝ 10 երեխա։

Ավելի ուշ Ալեքսեյ Կուլեբան ճշտել է զոհերի թիվը ․ «10։30-ի դրությամբ՝ կա 18 զոհ, այդ թվում՝ երեք երեխա։ Հայտնի է 29 վիրավորների մասին, այդ թվում՝ 15 երեխաներ»։

УНН գործակալության տվյալներով՝ ուղղաթիռն օդում սկսել է այրվել , մանկապարտեզի մոտ ընկնելուց հետո ուժեղ հրդեհ է բռնկվել։ Աղետի պատճառները չեն նշվում, ըստ երևույթին՝ դա ռազմական գործողությունների հետ կապ չունի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՎիետնամի նախագահը հրաժարական է տվել
Հաջորդ հոդվածըՆեբենզյա․ Ուկրաինան հայտնվել է միջեկեղեցական հակամարտության շեմին