‘Կիևի ոստիկանությունը կպատժի անկարգություններին մասնակցած ակտիվիստներին’

774

Կիևի ոստիկանությունը Ուկրաինայի քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածով քրեական գործ է հարուցել իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Այս հոդվածով առավելագույն պատժաչափը 5 տարի ազատազրկումն է:

Գործը հարուցվել է քաղաքացիների՝ Կիևի քաղաքապետարան և արհմիությունների կիևյան տուն ներխուժելու ժամանակ ոստիկանության աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու կապակցությամբ, ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունը նաև տեղեկացնում է, որ այդ շենքերի վրա ցուցարարների գրոհների հետևանքով տուժել են ոստիկանության 14 աշխատակիցներ: Նրանց վիճակի վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն տրամադրվում:

Ոստիկանությունն ընդգծել է, որ գրոհին մասնակցել են «Ազատություն» խմբավորման «ագրեսիվ տրամադրված» անդամները, ինչպես նաև առանձին ցուցարարներ, որոնք կիրառել են արցունքաբեր գազ, ծխապարկուճներ և «կոպիտ ուժ»: Ոստիկանությունը, սակայն, չի նշում՝ կա՞ն կասկածյալներ, թե ոչ:

Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունը, հղում կատարելով բերման ենթարկված ակտիվիստների վրա, նշում էր, որ քաղաքապետարանի շենքի մոտ անկարգություններին մասնակցել է «Ազատության» ներկայացուցիչ ոմն Միրոշենկո: Ըստ «Կոմերսանտի»՝ խոսքը «Ազատության» առաջնորդ Իգոր Միրոշենկոյի մասին է:

Նախորդ հոդվածը‘Վերահսկիչ պալատը բյուջեի եկամուտների ավելի խորը ստուգումներ կիրականացնի’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինացի ցուցարարները պաշարել են կառավարության շենքը’