‘Կիևի քաղաքապետը պաշտոնից հեռացվել է «Եվրամայդանը» ցրելու համար’

972

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնից հեռացրել է Կիևի քաղաքապետ Ալեքսանդր Պոպովին և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Սիվկովիչին: Այս մասին հայտնի էր դեռ երկու օր առաջ, սակայն լուրը պաշտոնապես ճշտվել է միայն այսօր:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը, օրերս Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հանդես էր եկել նրանց տնային կալանքի ենթարկելու միջնորդությամբ` «Եվրամայդանը» ցրելու գործով: Պոպովին և Սիվկովիչին կասկածում են լիազորությունները գերազանցելու համար: «Եվրամայդանը» ուժով ցրելու գործով լիազորությունների գերազանցման համար կասկածվում են նաև Կիևի միլիցիայի պաշտոնանկ արված ղեկավար Վալերի Կորյակը և նրա տեղակալ Պյոտր Ֆեդչուկը: Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, նոյեմբերի 29-ի` լույս 30-ի գիշերը Պոպովը և Սիվկովիչը գտնվել են Կիևի միլիցիայի վարչության պետի աշխատասենյակում և նրան ստիպել են ուժ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնել: Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ նույնպես խոստովանել է, որ ընդդիմության ակցիան ցրելիս միլիցիայի որոշ աշխատակիցներ անհամարժեք ուժ են կիրառել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ի գիշերը ուկրաինական միլիցիայի «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը ցրել էր ընդդիմության ակցիան Մայդանում, ինչի արդյունքում տուժել էր, տարբեր տվյալներով, 35-165 մարդ: Նոյեմբերի վերջից Ուկրաինայում զանգվածային ակցիաներ են անցկացվում ի պաշտպանություն եվրաինտեգրման: Ակցիաների մասնակիցները նաև պահանջում են Վիկտոր Յանուկովիչի գլխավորած վարչակազմի հրաժարականը: Զանգվածային ակցիաներն սկսվել են այն բանից հետո, երբ Ուկրաինայի իշխանությունները հրաժարվեցին ստորագրել Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը: 

Նախորդ հոդվածը‘Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործով 2 զինծառայող կալանավորվել է’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյան. կառավարում՝ ի հաշիվ և ի վնաս պետության’