‘Կիևի և Բրյուսելի միջև «Տիմոշենկոյի հարցով» սակարկություններ էին ընթանո՞ւմ՝ 2015-ի ընտրություններում նրա առաջադրումը թույլ չտալու առնչությամբ ‘

853

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինա-ԵՄ բանակցություններում գրեթե չի բարձրացվել ֆինանսական հարց, մասնավորապես` Յուլյա Տիմոշենկոյի ազատության համար դրամական սակարկություն: Հենց այդ պատճառով եվրոպական քաղաքական գործիչներն ու դիվանագետներն այժմ այդպես զարմացած են, քանի որ ցանկության դեպքում այդ հարցը կարող էր քննարկվել վերջին մեկուկես տարում: Այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի տարածաշրջանային մասնաճյուղի (Օդեսա) առաջատար գիտաշխատող Աննա Շելեստը` առցանց հարցազրույցում պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին:

«Բանակցությունների հրատապ հարցերն էին Տիկմոշենկոյի ազատ արձակումն ու բուժումը, դատախազության մասին օրենքը, ընտրությունների մասին օրենքը, պայքարն ընդդեմ կոռուպցիայի: Տիմոշենկոյի հարցը փոքր-ինչ ավելի բարդ է, քան պարզապես ֆինանսական փոխհատուցման հարց: Որոշ քաղաքական գործիչներ մտավախություն ունեն նրա ազատ արձակման առնչությամբ, այդ պատճառով նրա հարցով սակարկություն էր գնում, հիմնականում, այն հարթությունում, որպեսզի ապահովվի 2015 ընտրություններում նրա թեկնածության չառաջադրումը», — նշել է փորձագետը:

Շելեստը Կիևի կողմից ԵՄ հետ ասոցացման շուրջ բանակցությունների կասեցումը համարում է Ռուսաստանի դիրքորոշման հետևանք, քանի որ պրագմատիզմի բացակայության դեպքում համաձայնագիրը 2012 թվականի մարտին չէր նախաստորագրվի: Նրա կարծիքով՝ Մոսկվայի ճնշումը դրսևորվել է անտրամաբանական նոր մաքսային կանոնների ներդրմամբ, ուկրաինական արտադրանքի ներկրման արգելքով, մաքսատանը բեռների ստուգմամբ, ակտիվ քարոզարշավով և այլն:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը (Հայաստան) և Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտը (Ադրբեջան) Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունների աջակցությամբ արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսներ են կազմակերպում Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար` «Միմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով» նախագծի շրջանակում:

Նախորդ հոդվածը‘Ոսկու շուկան գործադուլ է անում «տարեվերջյան» հսկայական տուգանքների պատճառով (թարմացված, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արոտավայրերի անապատացման դեմ պայքարի համար հատկացված միջոցները փոշիացվում են’