‘Կիևի և Երևանի՝ Ասոցացման համաձայնագրի չստորագրման տարբերությունները’

2056

Շատերը զուգահեռներ են անցկացնում Կիևի և Երևանի ԵՄ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու միջև, սակայն դրանք իրարից «կիլոմետրով» հեռու գործընթացներ են: Իհարկե, ֆորմալ առումով, երկու երկրների ղեկավարներն էլ Պուտինի հետ հանդիպումից հետո են հրաժարվել նախապես ձեռք բերված համաձայնություններից ու ըստ որոշ հրապարակումների, ՌԴ ղեկավարը Սերժ Սարգսյանի և Վիկտոր Յանուկովիչի առջև դրել է նրանց գործակալական անցյալին վերաբերվող թղթապանակներ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են երկրների այսօրվա ղեկավարները ոչ վաղ անցյալում «ստուկաչություն» արել իրենց հարևանների, բարեկամների, գործընկերների և պարզապես ընկերների նկատմամբ:

Այսպիսի թղթապանակների օգտագործումը  նորահայտություն չէ և կիրառվում է ցանկացած երկրի հատուկ ծառայությունների կողմից, սակայն, հարցն այն է, որ Սերժ Սարգսյանի և Վիկտոր Յանուկովիչի վերաբերյալ այդօրինակ տվյալներ հայտնի են նաև Արևմուտքին, ընդ որում, շատ ավելի թարմ տվյալներ, քան ՌԴ հատուկ ծառայությունների ունեցածն է: Սակայն ինչո՞ւ Արևմուտքը չկարողացավ օգտագործել դրանք, իսկ Ռուսաստանը կարողավ, սա է հիմնական խնդիրը:

Այստեղ էլ գալիս է այն պատասխանը, երբ զուտ «շպիոնամանիայով» հնարավոր չէ բացատրել քաղաքական գործընթացները:

Ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինան հրաժարվեց ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից երկրի պառլամենտի որոշմամբ, ու երկրի ԱԳ նախարարության իմացությամբ, իսկ Հայաստանի դեպքում հրաժարման օրը իշխող կուսակցության ֆրակցիայի ղեկավարը ելույթ էր ունենում և հայտարարում, որ բացառված է, որ Հայաստանը հրաժարվի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից, էլ չեմ խոսում այն մասին, որ ԱԳ փոխնախարարն ու երկրի վարչապետը անտրամաբանական էին համարում առանց ՌԴ-ի հետ սահման ունենալու Մաքսային Միությանը միանալը և հայտարարում էին ԵՄ-ի հետ «Ասոցացման» այլընտրանք չունենալու մասին:

Ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանը որևէ գին չպահանջեց Ռուսաստանից՝ ԵՄ ասոցացումից հրաժարվելու դիմաց, իսկ ինչպես տեսնում ենք և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Ուկրաինային միլիարդավոր դոլարներ են խոստանում և համապատասխան պայմանագրեր առաջարկում, միայն թե այն անցնի այս, կամ այն քաղաքական վեկտորի կողմը:

Ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանի «արևմտամետ» քաղաքական ուժերը չմեղադրեցին երկրի ղեկավարին անհեռատես քաղաքականության մեջ, այլ փորձեցին մեղքը նրա վրայից վերցնելով՝ տեղափոխել երկրում գործող այլընտրանք հանդիսացող ուժի՝ ԲՀԿ-ի և միակ իրական ընդդիմության՝ Կոնգրեսի վրա: Տեսնելով, որ իրենց այդ ձեռնարկը գնահատվում է որպես «հիմարություն», այժմ էլ Հայաստանում գործող «արևմտամետ» ուժերը փորձում են Սերժ Սարգսյանի անհեռատեսությունն ու թուլակամությունը կապել Պուտինի հետ, թե իբր՝ որքա՜ն չարն է Պուտինը, որ օգտվելով Սերժ Սարգսյանի «խեղճ» վիճակից՝ կապված բնակչության աննկարագրելի արտագաղթի, տնտեսության ոչնչացվածության, Արցախի հարցի և սահմանների փակ լինելու հետ, նրան ստիպեց ստորացուցիչ պայմանագիր կնքել և, թե իբր ով էլ լիներ Սերժ Սարգսյանի վիճակում, նույնը կաներ:

Չհարգելինե՛րս, ախր մեկ անգամ էլ հարց տվեք ձեզ, թե ո՞վ է երկիրը այս վիճակին հասցրել, հետո հայտարարեք, թե Սերժ Սարգսյանը այլընտրանք չուներ: Չնայած, ո՞ւմ եմ ինչ բացատրում, նրանք ամեն մեկը շատ լավ էլ հասկանում է իրականությունը, պարզապես ինչպես Սերժ Սարգսյանն է իր քայլերի պատճառով դարձել գերտերությունների, իսկ այժմ նաև գաճաճ պետությունների խամաճիկը, այնպես էլ իրենք են կոմպրոմատների ճնշման տակ ու փողամոլության պատճառով դարձել Սերժ Սարգսյանի խամաճիկը:

Եվ վերջապես ամենակարևոր տարբերությունը. ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինայի ժողովուրդը իր իշխանությունների ԵՄ-ի հետ  Ասոցացումից  հրաժավելուց հետո դուրս եկավ փողոց՝ վստահ լինելով, որ Ուկրաինայի իշխանությունները ինչ էլ անեն, միևնույն է՝ բանակը չեն հանի սեփական ժողովրդի դեմ ու Կիևի կենտրոնում չեն գնդակահարի սեփական քաղաքացիներին: Այնինչ, Հայաստանում դեռ թարմ է 2008 թ-ի մարտի մեկի հիշողությունը, երբ իշխանությունները չխորշեցին կազմակերպել սպանություններ ու մինչ օրս էլ այդ սպանությունները կատարողներն ու կազմակերպիչները իբր հայտնի չեն, սակայն ՀՀ յուրաքանչյուր մեղսունակ քաղաքացի համոզված է, որ առնվազն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության, որևէ մեկը սահմանի վրայից տանկեր չէր բերի Երևանի կենտրոն ու ժողովրդի ճնշման նպատակով արտակարգ իրավիճակ չէր հայտարարի:

Միսակ Մարտինյան 

Նախորդ հոդվածը‘Օբաման և Նեթանյահուն քննարկել են Իրանի հետ միջուկային պայմանավորվածությունը’
Հաջորդ հոդվածը‘5 տարօրինակ երևույթներ, որոնք, ըստ գիտնականների՝ մարդկանց ավելի ուրախ են դարձնում’