Կիևում հաշվել են ՌԴ-ի ռազմական կորուստները

406

Ուկրաինա ներխուժման 17–րդ օրը անջատական հանրապետությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ շուտով իրենց աջակցելու համար տարածաշրջան են ժամանելու զինված կազմավորումներ Մերձավոր Արևելքից։

Ռուսաստանյան զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները և մոտենում են Կիևին։ Կիևի մարզի Վասիլկով քաղաքում շաբաթ առավոտյան լրիվ ոչնչացվել է օդանավակայանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ բանակը ծանր կորուստներ է կրում։

«Օկուպանտների կորուստների դինամիկան արդեն այնպիսին է, որ կարելի է վստահաբար ասել՝ տասնյակ տարիների ընթացքում սա ամենահուժկու հարվածն է ռուսաստանյան բանկին։ Նրանք ոչ մի անգամ այսքան օրերի ընթացքում այսքան չեն կորցրել։ Ներխուժման սկզբից թշնամու 31 գումարտակային մարտավարական խումբ կորցրել է մարտունակությունը։ Ռուսաստանցի զինվորները գերի են հանձնվում արդեն ոչ թե մեկական, այլ ամբողջ խմբերով»,- ասել է Զելենսկին։

Bloomberg լրատվական գործակալության գնահատականներով՝ ներխուժման սկզբից Ռուսաստանն արդեն կորցրել է իր ՀՆԱ-ի 30 մլրդ դոլարից ավելին։

Խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում կորուստների վերաբերյալ երկու կողմերի ներկայացրած տվյալներն առայժմ անկախ ստուգման ենթակա չեն։ Ուկրաինայի գլխավոր դատախազության հաշվարկների համաձայն՝ զոհվել է առնվազն 79 երեխա, և ավերվել է գրեթե 300 դպրոց։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀրթիռակոծվել է Քուրդիստանի մայրաքաղաքը
Հաջորդ հոդվածըՍարգիս Ադամյանի դուբլի հեղինակ է դարձել Օստենդեի դեմ խաղում