‘Կիևում ցույցերը ցրողների մուտքն ԱՄՆ արգելվել է’

855

Կիևում ամերիկյան դեսպանատունը չեղյալ է հայտարարել Ուկրաինայի մի քանի քաղաքացիների վիզաները, որոնց ԱՄՆ-ը պատասխանատու է համարում Անկախության մյադանում ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու համար: Այդ մասին ասվում է հունվարի 22-ին դիվանագիտական առաքելության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:  Քաղաքացիների անունները, ում մուտքն ԱՄՆ արգելվել է, հաղորդագրության մեջ չեն նշվում: Նաև չի հստակեցվում՝ խոսքը պաշտոնյաների՞ մասին է, թե՞ ուժային կառույցների ներկայացուցիչների: Դեսպանատունը նշում է, որ ԱՄՆ օրենքները թույլ չեն տալիս հրապարակել վիզայի հետ կապված տեղեկատվությունը:  Ընդ որում՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը իրավունք ունի այլ պետությունների քաղաքացիների մուտքն արգելել իր երկիր՝ այն դեպքում, եթե տեղական մամուլը նրանց անունները կապում է, գերատեսչության կարծիքով՝ անթույլատրելի գործողությունների հետ: Ամերիկյան իշխանությունները չեն բացառում, որ առաջիկայում ցուցարարների նկատմամբ ուժ կիրառողների հանդեպ պատժամիջոցները կխստացվեն, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործը հանձնվել է դատարան’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր 2-Յանուկովիչ-ընդդիմություն հանդիպում ‘