‘ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին’

989

Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին:

Այս մասին  NEWS.am-ի թղթակցին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Այցելությունը կատարվել է հունվարի 16-ին եւ թվով ութերորդն էր: Այցի ընթացքում նամակների փոխանակում է կատարվել:

Հիշեցնենք, ԼՂՀ ոստիկանության տվյալով՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում:

Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Դատարանի դեկտեմբերի 29-ի նիստում Դիլհամ Ասկերովը ցմահ, Շահբազ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման էին դատապարտվել:


Նախորդ հոդվածը‘USAID-FED. ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում Հայաստանն ունի արմատական բարեփոխումների կարիք’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի խոստացած հարմարեցված ավտոբուսները կշահագործվեն 3 տարի ուշացումով’