‘ԿԽՄԿ-ն բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ` 77-ամյա հայ գերուն այցելելու համար’

1090

Ադրբեջանական կողմը հերթական համահումանիստական քայլն է կատարել` նկարելով ու համացանցում տարածելով անօգնական մարդու նկարն ու նրան դիվերսանտ ներկայացրել: Ինչպես այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը` Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակչի հանդեպ ադրբեջանական կողմի վարքագիծը դուրս է առողջ բանականության սահմաններից: «Այս դեպքն ունի առանձնահատկություն, մեզ ևս մեկ անգամ բացասական կերպով զարմացնում են ադրբեջանցիները, նրանք նկարել են ու ցույց տվել անօգնական, հիվանդ մի մարդու, ով դիվերսանտի կամ նրան ուղեկցողի տեսք չունի: Ապշեցուցիչ է, որ նրանք հնարել են որևէ մեկին պատիվ չբերող պատմություն: Երբ մարդը հայտնվում է այդ իրավիճակում, ես առաջին հերթին, մտածում եմ նրա հոգեվիճակի, ապրումների մասին: Նրանք տարածում են ստահոդ տեղեկություններ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա ցավով փաստեց, որ սկզբում ադրբեջանական կողմը չի հայտարարել սահմանը հատած մարդու վնասվածքների մասին, հետո միայն տեղեկություն են տարածել, որ նա վնասվածքներ ունի: «Անհանգստացնող է, որ շինծու պատմությունները զուգորդվում են մարդուն արհեստականորեն վնաս հասցնելու դեպքով»,-նշեց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ այդտեղ նույնիսկ քաղաքական ենթատեքստ պետք չի տեսնել, այն մարդասիրական տեսանկյունից արդեն կոպիտ խախտում է: Լարիսա Ալավերդյանի կարծիքով` ստեղծված իրավիճակով պետք է ակտիվորեն զբաղվի ոչ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ու փորձի հետ վերադարձնել սահմանը հատած հայ քաղաքացուն, այլև պետք է լինի ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի կողմից համապատասխան արձագանք:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից գործակալությունը փորձել է ճշտել` արդյոք ԿԽՄԿ Բաքվի պատվիրակներն այցելել են սահմանը հատած հայ քաղաքացուն: ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաղորդել է, որ միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակը բանակցում է իշխանությունների հետ` հայ գերուն այցելելու համար, սակայն դեռեւս այցելության ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանի անհետացման մասին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, նրան վերջին անգամ տեսել են հունվարի 28-ին ժամը 14.00-15.00-ի սահմաններում` գյուղում արարողության ժամանակ: Մալխասյանի տեղեկացմամբ` Խոջոյանը երեք որդի և երեք դուստր ունի, սակայն բնակվել է միայնակ: 77-ամյա գյուղացին առողջական խնդիրներ է ունեցել և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության ներքո:

Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հունվարի 28-ին հայտնել էր հայ-ադրբեջանական շփման գիծը հատած քաղաքացու մասին, որը Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության բնորոշմամբ եղել է «զինված դիվերսանտ»: Ադրբեջանի Պատանդների, անհայտ կորածների և գերիների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել էր, որ Հայաստանի քաղաքացուն գետն անցնելիս Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչները նկատել ու հանձնել են ադրբեջանցի զինծառայողներին:

Նախորդ հոդվածը‘Դերոն մինչև հիմա խոստանում է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Դրամը արժեզրկվում է’