‘Կկուն կանչեց’

4211

Նազարբաևի հայտնի հայտարարությունից, Սերժ Սարգսյանի երկօրյա լռությունից և Ծաղկաձորում այդ հայտարարությանը պատասխանելուց հետո, ՀՀԿ «ագիտպրոմը» հիմա էլ նոր թեզ է առաջ քաշում, թե բա, իհարկե, Ղարաբաղը Հայաստանի մաս չի, սակայն ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ սահմանային կետ դրվի Հայաստանի և Արցախի միջև:

Մի անեկդոտ հիշեցի այս կապակցությամբ: Ուրեմն, մեկը գործուղումից վերադառնում է տուն և տեսնում է, թե ինչպես է կինը իրեն դավաճանում  երկու մետրանոց բռնցքամարտիկի հետ: Երբ ամուսինը փորձում է կանխել դավաճանության շարունակությունը, բռնցքամարտիկը խոհանոցում մի շրջանակ է գծում և ասում, որ եթե ամուսինը այդ շրջանակից դուրս գա ու խանգարի սիրեկանի և կնոջ զվարճանքներին, ապա ամուսնուն մի լավ կծեծի:

Երբ սիրականը արդեն հեռացած է լինում, առավոտյան կողմ խոհանոցից լսվում են ուրախ ձայներ: Կինը մտնում է խոհանոց, որ տեսնի, թե ամուսինը ինչի վրա է այդքան ուրախացել: Պարզվում է՝ ամուսինը ուրախացել է, որ գիշերը մի քանի անգամ դուրս է եկել սիրեկանի գծած շրջանակից և այդ բանը իր կնոջ սիրեկանը չի նկատել:

Հիմա հանրապետականները ուրախացել են, որ Հայաստանի և Արցախի միջև սահմանային կետ իրենց խոսքով՝ չի դրվելու, կամ էլ դրվելու դեպքում՝ զարտուղի ճանապարհով կարողանալու են ապրանքաշրջանառություն իրականացնել Հայաստանի և Արցախի միջև:

«Դաեխալի», կամ՝ տեղ հասանք,- ուսերը թափ տալով՝ կասեր կինոյի հերոսը. քսանամյա պայքարից ու հայ ժողովրդի այսչափ զրկանքներից հետո, հիմա մենք պետք է ուրախանանք այն բանի վրա, որ Արցախի ու Հայաստանի միջև անցակետ հնարավոր է՝ չի լինելու:

Երկիրը այս աստիճանի հասցրած քաղաքական ուժին ոչ թե պետք է ժամանակ տալ երկիրը կատարելապես կործանելու համար, այլ՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի օր առաջ նրանք հեռանան:

Սակայն այդ ամենի համար շատ կարևոր է, որ Արցախի ժողովուրդը հասկանա այս ամենը: Ու բարեբախտաբար, թեկուզ ուշացումով, բայց կարծես արցախցիների մոտ էլ է ձևավորվում այն գիտակցությունը, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չարիք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի համար:

Այժմ արդեն դժվար կլինի արցախցիներին խաբել կեղծ հայրենասիրական լոզունգներով, թե իբր Արցախից դուրս եկած քաղաքական գործիչները ավելի լավ կպաշտպանեն Արցախի հիմնախնդիրը և հետամուտ կլինեն Արցախի ճանաչմանը: Այս տարիների ընթացքում իրենք սեփական կաշվի վրա են զգացել, թե ով ինչ է արել Արցախի համար և ով է իրականում վաճառքի հանել Ղարաբաղը:

Հայաստանցիների խնդիրն էլ պետք է լինի ոչ թե արցախցիներին երեսով տալը, թե ինչու նրանք այսքան ուշացումով հասկացան այն ճշմարտությունը, որ Հայաստանում պաշտոններ զբաղեցնող արցախցիների մեծ մասը Արցախը թողելով՝ Հայաստան էր եկել ոչ թե Արցախին օգտակար լինելու, այլ միայն ու միայն սեփական հարստացման համար, այլ պետք է գիտակցության եկած արցախցիներին ամեն ինչում աջակցեն, որպեսզի նրանք նույնպես միանան Համաժողովրդական պայքարին և իրենք էլ մասնակցեն՝  Հայաստանը ավազակապետերի ձեռքից փրկելու գործին:

Միսակ Մարտինյան

Նախորդ հոդվածը‘Ռոյսը բաց կթողնի Աշխարհի առաջնությունը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Փոխնախարար. Ոսկու գին չկա, կգ-ն 2300 դրամով կարելի է նորմալ ծիրան գնել’