‘Կճոյանը՝ «օֆշորային պատմության մասին». Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ’

1137

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ամիսներ անց հերքում է մամուլում տարածված և վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ:

«Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին», — ասվում է Արարատյան հայրապետական թեմի լրատվական ծառայության տարածած հայտարարությունում:

Արքեպիսկոպոս Կճոյանը նշում է, որ «իր անվան շուրջ տարածվող ապատեղեկատվության փաստի առիթով» իրավապահ մարմիններին չի դիմում, քանի որ «այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգևորականի մասին իր ունեցած պատկերացումներին»:

Ապա, բարձրաստիճան հոգեւորականը նշում է, որ տեղեկությունները, թե, իբր, նա ներկա է եղել անդամանդագործության զարգացմանն առնչվող պետական հանձնաժողովներից մեկի նիստին, չեն համապատասխանում իրականությանը:

«Սրբազանը բարձր է գնահատում ժողովրդավարական հասարակության արժեքները, սակայն խոսքի ազատության չարաշահումը համարում է վտանգավոր և վնասակար, առաջին հերթին, հենց այդ արժեքների ջատագովների համար: Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ», — ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Նավասար (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արքեպիսկոպոսի սանիկ Աշոտ Սուքիասյանի հետ միասին 2010-ին Կիպրոսում գրանված «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության բաժնետերն է: Այս ընկերությունն ուղղակի կապ ունի ործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Մասնավորապես, Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները: Հետագայում, բանկը առգրավել է Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը: Մինչ այդ, Փայլակ ՀԱյրապետյանը հայտարարել է, որ «ադամանդագործության զարգացման» գործը սկսելիս կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցություններից մեկի ժամանակ ներկա է եղել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդու. Ես «Ռեալի» հետ պայմանագիրը չեմ երկարաձգել’
Հաջորդ հոդվածը‘Կրկին բախումներ՝ ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև’