Կշարունակեն տեղափոխվել Հայաստան

431

Հարգելի՛ հայրենակիցներ, նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ:

Ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում` համաձայն որի հատկացվել է թվով 30 ավտոբուս՝ վերոնշյալ քաղաքացիներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով:

Վերոնշյալ՝ անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիների տեղափոխման գործընթացն ավարտելուց հետո մեր բոլոր այն հայրենակիցները, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը:

Կառավարությունը նախատեսում է նաև կազմակերպված եղանակով տրամադրել վառելիք:

Այն քաղաքացիները, որոնք ռազմական գործողությունների հետևանքով ստիպված չէին լքել իրենց տներն ու բնակավայրերը, խնդրում ենք պահպանել հանգստություն և սպասել գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության:

Հաշվի առնելով բնակչության կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտները՝ կոչ ենք անում խուսափել խուճապային տրամադրություններից, անկարգապահության, բռնության և հանցավոր երևույթներից, ցուցաբերել զսպվածություն և օրինապահպանություն:

Տեղեկացնում ենք, որ գործընթացն իրավապահ մարմինների շուրջօրյա հսկողության տակ է, և վերջիններս կանխարգելման աշխատանքներ տանելու հանձնարարական ունեն:

Արցախի տեղեկատվական շտաբ

Նախորդ հոդվածըԵղցահող համայնքի բնակիչները հասել են Կոռնիձոր
Հաջորդ հոդվածըԱրցախի ՄԻՊ-ը Սառնաղբյուր համայնքի քաղաքացիական զոհերի անունները