‘Կոբզոնին, Գազմանովին և Վալերիային արգելվել է մուտք գործել Լատվիա’

1099

Ռուսաստանցի երգիչներ Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը և Վալերիան չեն կարողանա հանդես գալ Յուրմալայում մեկնարկող «Նոր Ալիք» մրցույթին, քանի որ Լատվիայի ԱԳ նախարարը արգելել է նրանց մուտք գործել երկիր: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով BNS գործակալությանը:

Լատվիայի ՆԳՆ-ն պնդում է, որ երգիչները իրենց գործողություններով նպաստել են Ուկրաինայի տարածքային ամբողջության և ինքնիշխանության խարխլմանը: 

«Որոշում է ընդունվել իմպերիալիզմի և ագրեսիայի ռուսաստանցի ջատագովներին արգելել այցելելու Լատվիա՝ երեկույթ-միջոցառումների, ցուցակը կհրապարակվի»,- իր Twitter-ում գրառել է Ռինկևիչը:

Հիշեցնենք, որ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը ավելի վաղ հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ռուսաստանի մշակույթի մի շարք գործիչների սև ցուցակում  ընդգրկելու մասին: Ինչպես Լատվիական ռադիոյին տված հարցազրույցում պարզաբանել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ այդ որոշումը կապված է Ուկրաինայի իրավիճակի հետ:

«Կոնկրետ անուն-ազգանուններ կիմանաք մի քանի ժամից: Սակայն կարող եմ հաստատել, որ դրանք մշակույթը ներկայացնող անձինք են, և Լատվիայում նրանք բավական հայտնի են»,- ասել է նախարարը: Ըստ նրա՝ եթե այդ անձինք ներկա պահին գտնվում են Լատվիայում, ապա նրանք ստիպված կլինեն հեռանալ երկրից: «Ձերբակալություններով և ոստիկանության ներգրավմամբ երկրից արտաքսելու տեսարաններով շոուներ ոչ մի դեպքում չեն լինի», ընդգծել է Ռինկևիչը:

Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ռուսաստանյան էստրադայի մի քանի աստղեր, ովքեր մտադիր են մասնակցելու երիտասարդ կատարողների «Նովայա Վոլնա» («Նոր ալիք») հանրաճանաչ երաժշտության մրցույթին, կարող են հայտնվել Ուկրաինայի իրադրության կապակցությամբ կազմված սև ցուցակում:

Ռինկևիչը նաև նշել է, որ Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ՝ փառատոնի անցկացումն այս տարի Յուրմալայում, իր կարծիքով, նպատակահարմար չէ: Նույնպիսի կարծիք ունի նաև Լատվիայի մշակույթի նախարար Դացե Մելբարտեն:

Այս տարի «Նոր ալիք» հանրաճանաչ երաժշտության երիտասարդ կատարողների մրցույթը  կանցնի  Յուրմալայում, հուլիսի 22-27-ը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը միջէթնիկական բնույթ չէր կրում. Վրաստանի ՆԳՆ’
Հաջորդ հոդվածը‘Անկարան հանդես է գալիս Թուրքիայի և ՄՄ ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնությամբ’