‘Կոբզոնի համերգի հասույթը կուղղվի Գյումրիի երաժշտական դպրոցներին’

937

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի երևանյան համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում նոյեմբերի 22-ին:  50-րդ հոբելյանական համերգային շրջագայությունը կրում է «Ես սիրում եմ քեզ կյանք» խորագիրը: «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում համերգի նախաձեռնող, «Созвездие» բարեգործական ֆոնդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մերի Ստեփանյանը նշեց, որ կայանալիք համերգը բարեգործական ուղղվածություն ունի:

«Համերգի ողջ հասույթը կուղղվի Գյումրիի բոլոր երաժշտական դպրոցների` երաժշտական նոր գործիքների համալրմանը»,- ասաց Ստեփանյանը: Նրա խոսքով` Կոբզոնի համերգի կայացման գաղափարը բավականին համպատրաստից է առաջացել, սեղմ ժամկետներում, սակայն մեծ էր կազմակերպիչների ցանկությունը ռուսական էստրադայի լեգենդի երևանյան համերգը հավուր պատշաճի իրականացնելու:

Բացի ԽՍՀՄ ժողովրդական արտիստից երևանյան բեմում ելույթ կունենան նաև երաժշտական խմբեր և անհատ կարտարողներ Ռուսաստանից և Հայաստանից: Գրասենյակի տնօրենի տեղեկացմամբ` երգիչը Երևան կժամանի նոյեմբերի 21-ին և մայրաքաղաքում կանցկացնի երեք օր: «Նախատեսվում է Կոբզոնի հանդիպումը ՀՀ նախագահի հետ, ինչպես նաև նա մեծ ցանկություն է հայտնել այցելել Առնո Բաբաջանյանի գերեզման»,- ասաց Ստեփանյանը:

Նոյեմբերի 22-ին կայանալիք համերգին կնախորդի Կոբզոնի հանդիպումը զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ: «Ես սիրում եմ քեզ կյանք» համերգին կհնչեն հին ու նոր սիրված ստեղծագործություններ: Առաջիկա համերգը Կոբզոնի առաջին բեմելը չէ Հայաստանում, նա խորհրդային և հետխորհրդային տարիներին բազմաթիվ համերգներ է ունեցել Երևանում: Իոսիֆ Կոբզոնը նաև «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր է:

Նախորդ հոդվածը‘Փաստաբանին սպանելու համար կասկածվում է նախկին ոստիկանը’
Հաջորդ հոդվածը‘Արտաշատի ջրանցքում տղամարդու դիակ է հայտնաբերվել’