Կոլումբիա․ նախագահի թեկնածուն չեղարկել է նախընտրական հանդիպումները

357

Կոլումբիայի նախագահի թեկնածու Ռոդոլֆո Էրնանդեսը հրաժարվել է մինչև ընտրությունները  մասնակցել հանրային միջոցառումներին՝ իր անվտանգության առումով մտավախությունների պատճառով։

Այդ մասին նա տեղեկացրել է հինգշաբթի օրը Twitter-ում։

«Իմ անվտանգությունն ապահովելու և հունիսի 19-ին դեմոկրատական ընտրությունների հնարավորությունը երաշխավորելու նկատառումներով որոշել եմ չեղարկել մինչև քվեարկության օրը հանրության առջև ներկայանալու բոլոր միջոցառումները»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ ինքը «հիմա համոզված է, որ իր կյանքը վտանգի տակ է»։ «Ակնհայտ է, որ մենք կարող ենք սպասել ինչի ասես, այդ թվում՝ ամենասարսափելին մի խումբ քաղաքական գործիչներից, որոնք իրենց պահում են հանցախմբի պես»,- հավելել է Էրնանդեսը։

Ավելի վաղ Semana ամսագիրը հրապարակել էր նախագահի մեկ այլ թեկնածու Գուստավո Պետրոյի շտաբի անդամների զրույցների մի քանի տեսաձայնագրություն, որոնցում նրանք քննարկում են, մասնավորապես, ընտրությունների առաջին փուլից առաջ մեկ այլ թեկնածուի վարկաբեկելու անհրաժեշտության մասին։ «Այդ տեսաձայնագրություններն ապացուցում են, որ նրանց համար սահման գոյություն չունի, որ նրանք ամեն ինչի պատրաստ են՝ հանուն իշխանության, որ նրանք պատրաստ են անցնել ցանկացած մարդու վրայով, խախտել ցանկացած սկզբունք»,- գրել է Էրնանդեսը։

Մայիսի 29-ին Կոլումբիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Քանի որ թեկնածուներից ոչ մեկը 50 %-ից ավելի ձայն չի հավաքել, հունիսի 19-ին կայանալու է ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն սենատոր Գուստավո Պետրոն և գործարար Ռոդոլֆո Էրնանդեսը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP-250. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հաջորդ հոդվածըԿոնգրեսականներ․ Թրամփը մեղավոր է Կապիտոլիումի գրոհի հարցում