‘Կոմիտաս 5, օգոստոսի 24. Իրադարձությունների քրոնիկա (տեսանյութեր, լուսանկարներ)’

2389

Երեկ՝ օգոստոսի 25-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցապատման դեմ բողոքի ակցիաների ամենաթեժ օրն էր: Տարածքում իրավիճակը լարված էր վաղ առավոտից: Շինհրապարակում կրկին ծանր տեխնիկա էր աշխատում: Շրջակա շենքերի բնակիչները և նրանց միացած այլ քաղաքացիներ երկու անգամ փակել են Կոմիտասի պողոտան: Ընդհանուր առմամբ փողոցը փակ է եղել մոտ կես ժամ: Տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև:

Ընդհանուր առմամբ Ոստիկանություն բերման են ենթարկվել 26 քաղաքացի, որոնցից մեկը՝ Արգիշտի Կիվիրյանը բերման ենթարկվելու ընթացքում ծեծի է ենթարկվել և այնուհետև հոսպիտալացվել: Բժիկները նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում:

«Ես հիմա Արաբկիրի բաժնի դիմաց եմ՝ավտոմեքենայի մեջ, իմ նկատմամբ բռնություն կիրառելով, ամբողջ ճանապարհին ավտոմեքենայի մեջ ծեծելով՝ բերել են այստեղ: Ինձ չեն ասել անգամ ինչու եւ ուր են տեղափոխում: Բռնություն են կիրառել՝ ֆիզիկական բռնություն եւ դեմքս ամբողջովին արյունոտված է », ԳԱԼԱ-ի հետ հեռախոսազրույցում ասել է Արգիշտի Կիվիրյանը:

Ոստիկանության 2 բաժանմուք է գնացել նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, որի խոսքերով. «Խաղաղ ցուցարարներին անհիմն մեղադրանքով բերել են բաժանմունքներ և անգամ չեն ներկայացրել հիմնավորումը, իսկ որտեղ որ ներկայացրել են, ներկայացրել են նույն շաբլոնային տեքստը, որ իբրև թե տվյալ անձը չի կատարել ոստիկանության օրինական պահանջը: Այսինքն՝ ըստ էության որևէ իրական հիմք չի ներկայացվել, թե ինչում են այս մարդիկ մեղավոր: Մենք այս մարդկանցով պիտի հպարտանանք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Զուրաբյանը և հավելել, որ Ոստիկանությունն այսօր շատ ավելի լուրջ գործեր ունի, բայց բացի հանցագործություններ բացահայտելուց զբաղված է նաև այս իշխանությունների քաղաքական շահերի սպասարկմամբ:

Ուշ երեկոյան բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Հայաստանի ոստիկանությունը երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ՝ Կոմիտասի պողոտայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ՝ հայտնելով, որ ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ են տարվել 26 անձինք, և զգուշացնելով, որ «հասարակական կարգը խախտելու, մայրաքաղաքի կյանքի բնականոն ընթացքը խաթարելու, մյուս քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, օրենքն անտեսելու յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` օգտագործելով նաև հատուկ միջոցներ»:

Հիշեցնենք, որ «Լիբեր» ՍՊԸ-ն թույլտվություն ունի Կոմիտաս 5 հասցեում 25 մետր բարձրությամբ շենք կառուցելու, սակայն առայժմ չունի վերգետնյա շինարարություն անելու թույլտվություն: Շրջակա շենքերի բնակիչները պահանջում են, որ շինարարությունը դադարեցվի՝ քանի դեռ չկա վերգետնյա մասի՝ իրենց հետ համաձայնեցված նախագիծ:

Օրվա երկրորդ կեսին, «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, շինարարական աշխատանքները դադարեցվել էին, սակայն իրավապահները շարունակում էին հսկել տարածքը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսին մեղադրողների հանրահավաքներում հավաքվում է ընդամենը 1000 (+, -) մարդ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը սպառնում է հատուկ միջոցներ կիրառել’