‘Կոմպոզիտորներն ընդդեմ Ռոբերտ Ամիրխանյանի’

1170

Կոմպոզիտորների և երաժշտագետների միավորման մի խումբ անդամներ` անվանի կոմպոզիտորներ, համարում են, որ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը չարաշահել է լիազորությունները: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ վերջին համագումարը տեղի է ունեցել 4.5 տարի առաջ, այնինչ ըստ կանոնադրության՝ համագումարը պետք է 2 տարին մեկ կազմակերպվի: Սա Սաթյանը համարել է կանոնադրության կոպիտ խախտում։ Ռադիոկայանը փոխանցում է, որ Ամիրխանյանին ուղղված դիմում-պահանջի տակ ստորագրած 42 կոմպոզիտորներ՝ Մարտին Վարդազարյանը, Լևոն Չաուշյանը, Երվանդ Երկանյանը, Արամ Սաթյանը, Վարդան Աճեմյանը, Երվանդ Երզնկյանը և այլոք համարում են, որ Ամիրխանյանը չարաշահել է իր լիազորությունները և որ նա 2011 թվականից լեգիտիմությունը կորցրած նախագահ է: Կոմպոզիտորները խնդրում են, որպեսզի համապատասխան մարմինները կոմպոզիտորների միության 2009-2013 թթ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգում իրականացնեն:

1992 թվականից կոմպոզիտորների և երաժշտագետների միավորումը նախագահող Ռոբերտ Ամիրխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ չի ցանկանում հարցազրույց տալ, և որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն միության հոկտեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում: Սակայն «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում Ամիրխանյանը նշել է, որ իր դեմ գործող ուժերը երկուսն են՝ մեկն ուզում է միության ունեցվածքը վաճառել ու դնել գրպանը, մյուս ուժն էլ, տարիներ շարունակ իրեն վարկաբեկելով, ուզում է հասնել այն բանին, որ «գրավի միությունը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը հանդիպել է Յուրգեն Կլիմկեին’
Հաջորդ հոդվածը‘Բագրատյան. «Կատարված է խոշորագույն հանցագործություն հանրապետության պատմության մեջ»’