‘Կոնգոյում աղետի ենթարկված ինքնաթիռի օդաչուները հայեր են եղել (լրացված)’

1419

Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում աղետի ենթարկված  բեռնատար ինքնաթիռի օդաչուները Հայաստանի քաղաքացիներ են, որոնք պայմանագրային հիմունքներով աշխատում էին այնտեղ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղավիացիայի աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը:

«Ոչ թե միայն օդաչուներն են հայեր, ընդհանրապես՝ անձնակազմի անդամները»,- ասաց նա՝ հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկատվություն կլինի ավելի ուշ:

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ iLur.am-ին ասաց, որ դեռ պաշտոնական տեղեկություն չունեն, ու չի կարող ասել՝ երբ կունենան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ի գիշերը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում բեռնատար ինքնաթիռի աղետ է տեղի ունեցել, հայտնում է France-Presse-ը:

Զոհվել է ինքնաթիռի ողջ անձնակազմը, ուղեխցում գտնվող 3-4 անձինք, ինչպես նաև տեղացի 30 բնակիչներ: Եվս 20 մարդ տարբեր կարգի վնասվածքներով հոսպիտալացվել է:

___________

14:01

Հայտնի է դարձել, որ Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում աղետի ենթարկված  բեռնատար ինքնաթիռի հայ օդաչուները եղել են հինգ հոգի: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց  Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը:

Վերջինս հերքեց ռուսական ԶԼՄ-ների կողմից տարածած այն տեղեկությունը, որ  աղետի ենթարկված օդաչուները ազգությամբ ուկրաինացի են եղել, իսկ, օդանավն էլ պատկանել է հայկական ավիաընկերության:

Նելլի Չերչինյանը մանրամասնեց նաև, որ օդանավը պատկանել է Կոնգոյի «Էյր-սերվիզ» ավիաընկերությանը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ կայքից հանել են Նիկոյանի ղեկավարած Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Մի շարք միջոցառումներ Երևանում’