‘Կոնգրեսը Արարատի քաղաքապետի ընտրություններում կաջակցի ԲՀԿ-ի թեկնածուին’

1569

iLur.am-ի հետ զրույցում  Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց Արարատի քաղաքապետի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը: Հիշեցնենք, որ այնտեղ ընտրությունները կայանալու են նոյեմբերի 10-ին:

— Պարոն Զուրաբյան, պատրաստվո՞ւմ է արդյոք ՀԱԿ-ը մասնակցել Արարատի քաղաքապետի ընտրություններին:

— Որեւէ ընտրության մասնակցության մեր սկզբունքը շատ պարզ է. ցանկացած ընտրություն, եթե հնարավոր է, պետք է օգտագործել այս ռեժիմի դիրքերի թուլացման նպատակով: Եւ մենք եթե չենք ունենում սեփական թեկնածու, ապա աջակցում ենք այն քաղաքական ուժին, որը մարտահրավեր է նետում ռեժիմի թեկնածուին: Վերջին նման դեպքը, եթե հիշում եք, թիվ 37 ընտրատարածքում տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններն էին, որտեղ մենք աջակցեցինք Ժառանգության թեկնածուին՝ բոլոր հնարավոր լծակներով օգնելով, ինչպես նաեւ կոչ անելով մեր համակիրներին քվեարկել այդ թեկնածուի օգտին: Նույն տրամաբանությամբ մենք առաջնորդվում ենք նաեւ Արարատի քաղաքապետի ընտրություններում: Այստեղ ՀՀԿ-ական թեկնածուին ռեալ մրցակից է ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բարսեղյանը, եւ այստեղ նույնպես մենք կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին ակտիվորեն աջակցել նրան ընտրարշավում, ինչպես նաեւ քվեարկել նրա օգտին: Արարատում Հայ Ազգային Կոնգրեսն ունի բավական հզոր կառույց, գրանցված անդամների թիվը հավասար է 107-ի, ընդ որում՝ նրանք հիմնականում Շարժմանը վերջին տարիներին անդամագրված ակտիվ քաղաքացիներ են, այնպես որ, մենք կարող ենք բավական լուրջ ռեսուրս ներդնել այս ընտրարշավում:

 

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Շնորհակալություն «Իրավունք» թերթին` ինքնախոստովանական ցուցմունքի համար’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր հրդեհ Գյումրիում. Այրվում է քաղաքի տնային կառավարչության շենքը’