‘Կոնգրեսը դեմ է քվեարկելու 2013 թվականի բյուջեի նախագծին ‘

1197

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, աշնանային հերթական քառօրյայի վերջին օրը, ԱԺ խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները 2013 թվականին բյուջեի նախագծի վերաբերյալ:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց խմբակցության տեսակետը:

««Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը գտնում է, որ այստեղ չկա բյուջե, և այսպիսի բյուջե չի կարելի ընդունել, այս բյուջեն ևս մեկ տարի ետ է գցում հանրապետությունը: Ինչ վերաբերում է ԿԲ-ի առաջին տեղակալի՝ ԱԺ-ում հնչեցրած այն հայտարարությանը, թե ձայնս բարձրացրել եմ, ես խնդրում եմ նախագահողին հետևել. չի կարելի մեզ վախեցնել իրենց փորի մկանների ճռճռոցով, ինչ ասում եմ՝ ճիշտ եմ ասում:

Երեկ իմ ելույթում հիմնական շեշտադրումը դրեցի 2013 թվականի բյուջեի քաղաքականության վրա, այսօր կխոսեմ եկամուտների ու ծախսերի մասին:

Բյուջեի եկամտային մասի մասին խոսելուց առաջ կուզենայի նշել փոխարժեքը: Ֆինանսների նախարարը և ԿԲ-ի նախագահը մեզ ասացին՝ «մեզ փոխարժեք պետք չի», այստեղ մարդիկ կան, որ բիզնես ունեն, դուք ինչ կանեք ֆինբաժնի պետին, երբ որ ձեր հիմնարկի բյուջեն ներկայացնի առանց կուրսի: Երբ հարցնում ենք, որ 418 մլն դոլարի պարտք ունենք վճարելու մյուս տարի, ո՞նց կարելի է փոխարժեքը չիմանալ, պատասխանում է՝ «նոյեմբերի 1-ի փոխարժեքն է»:

Կամ մեկ այլ դեպքում՝ բյուջեի ամենամեծ ծախսը բյուջետային հիմնարկների նյութական ծախսերն են, իսկ ապրանքների զգալի մասը գնվելու է դրսից, տեսեք պատասխանատվության աստիճանը:

Հաջորդը՝ բյուջեի դեֆիցիտը իջեցնում են 3,2-ից 2,6 տոկոսի,  որը կազմում է մոտ 50 մլրդ դրամ, ստացվում է, որ միևնույն տարում մեզ մոտ ավելանում է պարտքի վճարումը 2 անգամ՝ 200 մլն դոլարից դառնալով 400 մլն, հենց այդ նույն տարում չենք կարողանում հավաքագրել եկամուտներ, միևնույն ժամանակ իջեցնում ենք բյուջեի դեֆիցիտը:

Սիրելի բարեկամներ, այստեղ ինձ մոտ թուղթ կա, աշխարհի երկրների բյուջեի դեֆիցիտը 2012 թվականի դրությամբ՝ ԱՄՆ՝ 12%, Անգլիա՝ 6,7%, Հունաստան՝ 6%, Ֆրանսիա՝ 4%, հարց է առաջանում՝ ի՞նչ եք շտապում բյուջեի դեֆիցիտը իջեցնել, թե՞ ԱՄՀ-ն փող չի տալիս դեֆիցիտը ծախսելու համար: Բա ասում եք՝ լավ ենք ԱՄՀ-ի հետ… Իսկ եթե դեֆիցիտը 3,2-ից իջեցնեինք 2,84, ապա մենք կստանայինք 10 մլրդ դրամ, որը կարող ենք տրամադրել թոշակների բարձրացման համար:

Հաջորդը՝ մենք առաջարկում ենք եկամտահարկի հետևյալ սանդղակը.  մինչև 100 հազար դրամի համար սահմանել 24,4%, մինչև 300 հազար դրամի համար՝ 24.4 հազար + 100 հազար դրամը գերազանցող գումարի 27%-ը, մինչև 750 հազար դրամի՝ 78400 դրամ +300 հազար դրամը գերազանցող գումարի 30%-ը, մինչև 1,5 մլն դրամի համար՝290 հազար+ 750 հազար դրամը գերազանցող գումարի 33%-ը, մինչև 5 մլն 448 հազար դրամ + 1,5 մլն դրամը գերազանցող գումարի 36%-ը և 5 մլն գերազանցող աշխատավարձի դեպքում՝ 1.708 մլն + 5մլն գերազանցող գումարի 40%-ը: Սա բյուջեին կտա 7,5 մլրդ եկամուտ: Իբրև թե գործընթացը արել եք, բայց խեղկատակ ձևով, լավ կլիներ՝ այս թվերը պարզեցնելու համար վերադառնայիք ու չեղյալ համարեիք եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունները:

Հասարակ մի բան. հազար անգամ ասել ենք՝ բարձրացրեք օղու և լիկյորների ակցիզային հարկը և իջեցրեք գինունը, մենք պետք է կամաց-կամաց դառնանք գինի խմող պետություն: Այսօր միանշանակ ավելի շահավետ է օղի արտադրելը, հիմար պետք է լինել գինի արտադրելու համար, իսկ գինի արտադրելով՝ բյուջե կմուտքագրվի լրացուցիչ 5 մլրդ, և կխթանենք խաղողագործությունը:

Մյուս հարցը՝ բոլոր համայնքների  սեփական եկամուտները կազմում են 26 մլրդ դրամ, և պետբյուջեից հատկացումները գումարած համայքների տարեկան բյուջեն դառնում է 100 մրլդ դրամ, փաստորեն ստացվում է, որ ինքնակառավարման մարմինը ինքն իր բյուջեն ձևավորում է ընդհանուր բյուջեի միայն ¼ չափով: Դրանից հետո մենք խոսում ենք, որ կա՞ ինքնակառավարման մարմին, դրանից հետո կարո՞ղ եք տեսնել մի քաղաքապետի, ով կարող է դեմ գնալ կառավարության ցանկությանը:

Այլ հարց՝ ԿԲ-ը 12 մլրդ դրամը տրամադրում է շինարարության վրա, չես հասկանում՝ ինչի համար, որպես օրինակ՝ անցյալ տարվա տվյալներով միջին պետական աշխատավարձը եղել է 92 հազար դրամ, իսկ պետական ֆինանսական ոլորտում՝ 560 հազար դրամ, ինչի՞ եք նման տարբերություն մտցնում, էս ի՞նչ եք անում: Ուզում եք կառավարությունն ու բանկը ֆինանսախե՞ղդ անեն:

Պատճառաբանում եք, թե այս բանեըը էմոցիա են, ի՞նչ էմոցիա, իմ ասածները բացարձակ ճշմարտություն են: Քանի անգամ ասացի՝ եկեք հրաժարվենք էս ԱՊՊԱ-ից, գոնե Պուտինի ելույթը լսեիք (դուք շատ եք սիրում իրեն), տեսեք, թե ՌԴ-ն ինչ փաստի առաջ է կանգնում:

Ծախսերի մասով կասեմ, որ մենք գտնում ենք, որ սոցիալական ոլորտը չի կարելի խեղճացնել, տեղի է ունեցել սոցիալական ոլորտի տեսակարար կշռի անկում:  Բարի եղեք եկամուտները բարձրացնել, կտեսնեք, թե գիտությունը ինչպես է ավելացված արժեք բերում, անընդունելի ենք համարում թոշակները 10%-ով չբարձրացնելը և  անընդհատ ճգնաժամը վկայակոչելը:

Բացարձակապես անընդունելի է մատակարարների սուբսիդիվորումը: Մենք, ինչ է՝ նստել ենք, որ դուք մի դիզվառելիքի համար սուբսիդիա տաք ձեր ընկերների՞ն, խաղում եք սրա հետ, ո՞նց  կարելի է: Կառավարությունը խոսում է կոռուպցիայի կրճատման մասին ու միաժամանակ մատակարարին սուբսիդիավորում է, իսկ հետո ասում է, թե կոռուպցիան իջել է:

Հույս ունեմ, որ մյուս տարում կունենանք այլ քննարկում, անպայման լրջորեն կքննարկենք բյուջեի եկամուտներն ու ծախսերը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան միջոցներ կձեռնարկի՝ Գազայի ուղղությամբ Իսրայելի հարվածները դադարեցնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Լիսաբոնում ձերբակալել են «Բեշիքթաշի» ֆուտբոլիստին’