‘Կոնգրեսը կողմ է արտահերթ նիստ հրավիրելուն ‘

1484

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն Ազգային ժողովում արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Առայժմ հայտնի է միայն այն, որ առաջարկվում է արտահերթ նիստի ընթացքում քննարկել նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր:

Հայ ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից iLur.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Կոնգրեսը կմիանա Ժառանգության այս նախաձեռնությանը: Ի պատասխան մեր հարցման Զուրաբյանը նշեց, որ Կոնգրեսը կողմ է արտահերթ նիստ հրավիրելուն:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսն այսօր արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշելով, որ ընտրությունները նորից կեղծվել են՝ հավելել է, որ ժողովուրդն այսօր ունի միայն մեկ օրակարգ՝ վերականգնել Սահմանադրական կարգը երկրում եւ թույլ չտալ ժողովրդի քվեի եւ իշխանության հերթական յուրացումը ռեժիմի կողմից:

«Նման օրակարգով, այո մենք կողմ ենք արտահերթ նիստ անցկացնելուն եւ պատրաստ ենք մեր ստորագրությունները դնել նման հայտի տակ»,- նշեց Զուրաբյանը:

Հիշեցնենք նաեւ, որ որպես զորակցություն իր իրավունքների համար ըմբոստացած ժողովրդին, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ այս քառօրյա նիստերին, որտեղ քննարկվում են այդ օրակարգի հետ որեւէ աղերս չունեող հարցեր։

Իսկ «Ժառանգության» նախաձեռնությանն արդեն միացել է Դաշնակցության խմբակցությունը: 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ. Մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ’
Հաջորդ հոդվածը‘Պաղեստինը պահանջում է ստուգումներ անցկացնել Իսրայելի բանտերում’