‘Կոնգրեսի ակտիվիստների դատ. Ալիկ Սարգսյանը հրաժարվում է իր խոսքերից’

2176

Վաղը՝ օգոստոսի 9-ին, լրանում է Տիգրան Առաքելյանի ազատազրկման 2 տարին, եւ նույն օրը վերաքննիչ դատարանը շարունակելու է քննել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործը:

Երկու տարի առաջ, օգոստոսի 9-ին, Տիգրանն ու նրա ընկերները զբոսնում էին Կարապի լճի մոտ: Զբոսանքն ընդհատվում է, եւ տղաներին տանում են Կենտրոնի ոստիկանության բաժին այն բանից հետո, երբ նրանք, տեսնելով, թե ինչպես են ոստիկանները կոպիտ դիտողություններ անում մի քաղաքացու, կարգի են հրավիրում իրավապահներին: Տղաներին դատապարտում են խուլիգանության եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով (Քրօր. 258 եւ 316 հոդվածներ), իսկ Տիգրան Առաքելյանին՝ նաեւ վերջինիս ծանր՝ երկրորդ մասով, 6 տարվա ազատազրկման: Այս գործով տուժողներն ու հիմնական ցուցմունք տվողները, նաեւ վարույթի հիմնական մասն իրականացնողները ոստիկաններն են եղել: Այն նախ քննում էր Կենտրոնի քննչական բաժինը, հետո՝ գլխավոր քննչական վարչությունը, որից հետո, բազմաթիվ միջնորդությունների արդյունքում, գործը գնաց ՀՔԾ: Կոնգրեսականները համարում են, որ ոստիկանները, ըստ էության, գործ են հարուցել տուժողների դեմ եւ այսպիսով կոծկել ակտիվիստների նկատմամբ 2011 թվականի օգոստոսին տեղի ունեցած բռնությունը, իսկ նրանց ղեկավարը` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ակնհայտորեն ուղղորդել է նախաքննությունը: Միջադեպից երկու օր անց նախկին ոստիկանապետն ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Ես ուզում եմ պատմել ձեզ, որ այս երկու օրերի ընթացքում, առաջին օրվանից սկսած, ես հանդիպումներ եմ ունեցել, տարբեր խորհրդակցություններ եմ անցկացրել բոլոր այն ոստիկանների հետ, ովքեր որ մասնակից են եղել միջադեպին, սկսած փողոցից, սկսած մեր ՊՊԾ ծառայության աշխատակիցներից, շարքայիններից, ովքեր տեսել են միջադեպը, մինչեւ ոստիկանության բաժնում տեղի ունեցած իրողությունը` բաժնի պետ, տեղակալներ, բաժնի ղեկավարություն եւ այլն»: Դատարանում, սակայն, միջադեպի մասնակից ոստիկանները ցուցմունքներ են տվել այն մասին, որ իրենք չեն հանդիպել ոստիկանապետին: Հակասությունը պարզելու համար նախորդ նիստում Տիգրան Առաքելյանը միջնորդել էր որպես վկա դատարան կանչել նախկին ոստիկանապետ, ներկայում նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանին, որին, փաստորեն, հայտնի է կարեւոր հանգամանք, սակայն միջնորդությունն այս դատարանը վաղաժամ էր հայտարարել: Երեկ «Հրապարակը»  զանգել է նախկին ոստիկանապետին` պարզելու համար, թե ով է սուտ խոսում՝ գեներալ Ալիկ Սարգսյա՞նը, թե՞ նրա նախկին ենթակաները, եւ հետեւյալ հեռախոսազրույցն ունեցանք նրա հետ:

— Պարոն Սարգսյան, ոստիկանները, որոնք մասնակցել են հայտնի միջադեպին, ցուցմունք են տվել, որ Ձեզ հետ չեն հանդիպել, իսկ Դուք ասուլիսում հայտարարել եք… (Ալիկ Սարգսյանն ընդհատում է հարցը, հավանաբար, գուշակելով շարունակությունը`  Ս. Ս.):

 — Էսքան ժամանակ է անցել: Նախ, ես կարող եմ չհիշել: Բայց ես հիշում եմ, որ այդ գործով ես իրենց ծառայության ղեկավարներին` բոլորին հրավիրել եմ նախարարություն, խոսել եմ հետները մանրամասների մասին: Չգիտեմ՝ կոնկրետ այդ ոստիկանները եղե՞լ են, թե՞ չէ: Ես հիմա դա չեմ կարող հիշել:

— Դուք ասուլիսում ասացիք, որ այդ միջադեպի մասնակից ոստիկանների հետ խոսել եք:

 — Նորից եմ կրկնում: Իհարկե, ասել եմ: Հիմա էլ եմ ասում: Ես ցանկացած գործով, որը որոշակի հնչեղություն է պարունակում, կանչում, լսում էի, ինչի՞ մասին է խոսքը, որովհետեւ գիտեմ, որ ինձ հարց են տալու:

— Իրենց ղեկավարների՞ հետ եք խոսել, թե՞ հենց տուժողների: Դուք ասացիք` տուժողների:

 — Տուժողների՞: Ի՞նչ տուժող:

— Տուժող ոստիկանների:

— Ես հիմա ընդամենը չեմ հիշում: Չեմ ուզում մի բառ ասեմ, որ էդ բառից հետո կառչեք, ասեք՝ սենց ա: Ես հիմա չեմ հիշում, բայց որ հրավիրել եմ 6-7 մարդ, իմ կաբինետում առանձին զրուցել եմ դեպքի մանրամասներից, դա հաստատ է: Չգիտեմ` տուժող ոստիկան այդտեղ եղե՞լ է, թե՞ չէ: Ես հիմա չեմ հիշում ուղղակի:

— Բայց ասուլիսում ասել եք:

— Կանչել-զրուցել եմ, բայց նորից կրկնում եմ. կոնկրետ տուժող ոստիկան այդ ժամանակ նստած է եղել, թե ոչ` չեմ հիշում: Անցել է 5 տարի, 4 տարի (անցել է ընդամենը 2 տարի-iLur.am): Էն ժամանակ հարցնեիք՝ կոնկրետ ովքեր են եղել, կասեի: Էդքան բան:

Նկատի ունենալով, որ գործի քննության հիմքը դրել է մի գերատեսչություն, որի ղեկավարն Ալիկ Սարգսյանն էր, կարելի է եզրակացնել, որ նա ուղղորդել է նախաքննությունը, ներազդել վկաների եւ տուժողների ցուցմունքների վրա, հուշել նրանց: Հիշեցնենք, որ երբ քննվում էր Հովհաննես Թամամյանի գործը, նույն Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ ինքն ի պաշտոնե չի կարող նախաքննության շրջանում կարծիք հայտնել: ՀԱԿ տղաների պարագան, հավանաբար, այլ է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ, «Հրապարակ» օրաթերթ

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Փավստոսյան հասարակություն’
Հաջորդ հոդվածը‘«Հայաստանի էլեկտրական ցանցերը» տուգանվել է 5 մլն դրամով’