‘Կոնգրեսի խմբակցությունը հանդիպել է Ցաբրնոխին’

1057

Հայ ազգային կոնգրես խմբակցությունը այսօր ԱԺ-ում հանդիպել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի ղեկավարած պատվիրակությանը: Այդ մասին տեղեկացանք Կոնգրեսի խմբակցությունից: Ըստ այդմ, հանդիպման ընթացքում քննարկվել է սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակը եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա հնարավորությունները: Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Եվրոպական միության հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրի ստորագրման ձախողման պատճառը համարել է Հայաստանի իշխանությունների կողմից բանակցային գործընթացի ոչ կոմպետենտ վարումը, ինչի հետեւանքով մի գործընթաց, որը պետք է նպաստեր տարածաշրջանում ԵՄ-ի եւ Ռուսաստանի շահերի ներդաշնակմանը, վերածվեց՝ նրանց շահերի միջեւ կոնֆրոնտացիայի: Զուրաբյանը կոչ է արել Եվրոպական միությանը ավելի հետեւողական եւ վճռական լինել ժողովրդավարական համերաշխության հարցում և գիտակցել, որ լուրջ համագործակցությունը Հայաստանի եւ ԵՄ-ի միջև հնարավոր չէ, եթե Հայաստանի իշխանությունների կողմից չեն հարգվում հիմնարար ժողովրդավարական ազատությունները եւ մարդու իրավունքները, չբացահայտված են մնում Մարտի 1-ի սպանությունները, Հայաստանում ընտրությունների կեղծման ծավալը ուղիղ այնքան է, որն ապահովում է իշխանության մշտական վերատադրումը, հեռուստատեսությունը շարունակում է մնալ իշխանությունների կոշտ վերահսկողության ներքո: Նշվել է նաև, որ Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցությունը պետք է զարգանա առաջին հերթին ժողովրդավարական արժեքների ընդհանրության շուրջ, և ապագա բանակցությունները պետք է տեղի ունենան Հայաստանի լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ: Խմբակցության խնդրանքով, Ցաբրնոխը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի մոտեցումները Հայաստանի եւ ԵՄ համագործակցության շուրջ: 

Նախորդ հոդվածը‘2013-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրությաան ծավալը Հայաստանում աճել է 7 %-ով’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացիների մեծ մասը հավատում է ուրվականների գոյությանը’