‘Կոնգրեսի հայտարարությունը Գեւորգ Սաֆարյանի գործի վերաբերյալ’

2911

Դատարանը հերթական անգամ, շինծու պատճառաբանությամբ երկարաձգեց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը։

Նախորդ օրը, իրեն հատուկ կոպտությամբ եւ ուժի գործադրմամբ, ոստիկանությունը ցրել էր Գեւորգ Սաֆարյանի ազատությունը պահանջող խաղաղ ցույցը՝ ընդհուպ մարմնական վնասվածքներ հասցնելով ցուցարար կանանց։

Սկզբից եւեթ այս գործն ունեցել է հստակ քաղաքական բնույթ, ակտիվիստը ձերբակալվել, մեղադրվել ու անազատության մեջ է հայտնվել իր քաղաքական հայացքների եւ քաղաքական գործունեության պատճառով։ Նրան առ այսօր որեւէ հիմնավոր մեղադրանք չի ներկայացվել, եւ նա քաղաքական բանտարկյալ է ըստ էության։

Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից իրականացվող քաղաքական այս հետապնդումը եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին։ Կոնգրեսը դատապարտում է նաեւ խաղաղ ցույցերի իրենց սահմանադրական իրավունքից օգտվող քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների ապօրինի, վայրագ վերաբերմունքը։ Երկուսն էլ այլ բան չեն, քան իշխանությանը բնութագրող փոքրոգության դրսեւորումներ։

Նախորդ հոդվածը‘Հանդիպում Կոնգրեսի Գյումրիի կառույցում’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. 12-րդ տուրի արդյունքները’