‘Կոնգրեսի հայտարարությունը` Գյումրիի դեպքերի վերաբերյալ’

2682

Գյումրիում կատարված ոճրագործության առաջին իսկ պահից Հայաստանի իշխանության գործողությունները բացարձակ անհամարժեք են տեղի ունեցածին, ինչի հետեւանքով սրվել է իրավիճակը` հանգեցնելով ժողովրդի եւ ոստիկանության միջեւ բախումների։

Բավականաչափ ժամանակ ունենալով հանդերձ՝ համապատասխան մարմինները, անփութություն ու ոչ կոմպետենտություն դրսեւորելով, չկարողացան ժամանակին հայտնաբերել ու ձերբակալել հանցագործին, ինչն անբեկանելի իրավական հիմքեր կտար քննության եւ դատապարտման ողջ գործըթացն իրականացնել Հայաստանի պատկան մարմինների իրավասության ներքո։ Դրա հետեւանքով ստեղծվել է խճճված մի իրավիճակ, որը հարուցել է հանրության իրավացի դժգոհությունն ու անվստահությունը: Նման վիճակում Հայաստանի իշխանությունները պետք է հանրությանը ներկայացնեին իրավիճակի առանձնահատկությունները եւ առաջարկեին խնդրի լուծման իրատեսական ուղիներ: Հայաստանն այսօր, ցավոք սրտի, չունի ժողովրդի վստահությունը վայելող այնպիսի իշխանություն, որը կարողանար այդ խնդիրը լուծել, չունի այնպիսի նախագահ, որի խոսքը կլիներ հիմնավորված եւ վստահություն կներշնչեր հանրությանը: Զրոյական հեղինակություն ունեցող իշխանությունը, իրավիճակից ելք չկարողանալով գտնել, հանրությանը համոզիչ պատասխան տալու փոխարեն դիմում է իր համար միակ մատչելի՝ ուժային մեթոդների։ Արդյունքում հունվարի 15-ին Գյումրիում բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետեւանքով կան մարմնական վնասվածքներ ստացած եւ հոսպիտալացված բազմաթիվ ցուցարարներ եւ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ոստիկաններ։

Ստեղծված իրավիճակում, մինչեւ Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման գլխավոր խնդրի լուծումը, Հայ ազգային կոնգրեսը առաջնային է համարում գործի քննության եւ դատավարության կատարյալ թափանցիկության ապահովումը, հանրության հետ հարաբերություններում ուժային մեթոդների բացառումը, եւ այնպիսի լուծումների փնտրտուքը, որը կբավարարեր ինչպես հանրության արդարացի սպասումները, այնպես էլ՝ կբացառեր կատարված ոճրագործության բացասական անդրադարձը հայ–ռուսական պետական հարաբերությունների վրա։

Հայ ազգային Կոնգրես

Նախորդ հոդվածը‘Իրավապաշտպանները մարդկության դեմ հանցանքի մեղադրանք են ներկայացրել«Բոկո Հարամ»-ին’
Հաջորդ հոդվածը‘Մերկելը պարզաբանել է G7-ին Պուտինին չհրավիրելու պատճառը’