‘Կոնգրեսի հարցապնդման հետքերով. Առողջապահական ապահովագրության մասին ‘

1264

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայ ազգային կոնգրեսը հարցապնդմամբ դիմել է Կառավարությանը` պահանջելով պարզաբանումներ տալ բյուջետային եկամուտների թալանին, համակարգված կոռուպցիային, հովանավորչությանը վերաբերող մի շարք խնդիրների վերաբերյալ: Ծավալուն հարցապնդման մի բաժինը վերաբերում է առողջապահության ապահովագրության համակարգին:  

Հարցապնդման մեջ, մասնավորապես, նշվում է, որ 2012-ին քաղծառայության ոլորտում ներդրված պարտադիր սոցիալական ապահովագրության ինստիտուտը կայացնելու գործառույթը, Պետական առողջապահական գործակալութան փոխարեն՝ վերապահվեց մասնավոր ապահովագրական ընկերություններին հանձնվեց, ինչը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում:  

«Ծանոթանալով կառավարության կողմից ներկայացված  20 էջանոց տեղեկանքին` սոցիալական փաթեթի կատարողականի մասին, տեղեկանում ենք, որ 2012 թվականի  սոցիալական փաթեթի սահմաններում բյուջեից ծախսվել է 13 միլիարդ դրամ, որից  10 միլիարդից մի փոքր ավելին ուղղվել է առողջապահական ծրագրերին և հատկացվել է մասնավոր ապահովագրական ընկերություններին: Տասը միլիարդից ավելի գումար ստանալով՝ ապահովագրական ընկերությունները փոխհատուցել են ընդամենը մոտ չորս միլիարդ դրամի առողջապահական ծառայություններ: Եթե ընդունենք, որ մեկ միլիարդ դրամն էլ իրենց շահույթն ու ծախսերն են, ստացվում է, որ կառավարությունը հինգ միլիարդ դրամի գերշահույթ ապահովելու հնարավորություն է ապահովել մասնավոր ընկերությունների համար»,- նշում են Կոնգրեսի փորձագետները:

Հարցապնդման մեջ նշվում է, որ, պարզագույն հաշվարկի միջոցով հնարավոր էր զգալի գումարներ ծախսել պետական միջոցներից` միեւնույն ժամանակ արդյունավետ սոցիալական ապահովագրություն կազմակերպելով: Մասնավորապես, ըստ փորձագետների, կարելի էր հոսպիտալացվող հիվանդների թվաքանակի մասին վիճակագրական տվյալներն օգտագործելով` հաշվարկել նրանց եւ նրանց ընտանիքի անդամներից հնարավոր հոսպիտալացվողների թիվը եւ իրական գումարներ տրամադրել, ոչ թե մասնավոր ընկերությունների համար գերշահույթներ ապահովել: Իսկ մնացյալ գումարը կարելի էր ծախսել բնակչության առաջնային առողջության կամ նույնիսկ հանգստի ծրագրերի ապահովման վրա, ինչը եւս նախատեսված է սոցիալական փաթեթով:

ՀԱԿ խմբակցության այս մտահոգությունն է՛լ ավելի արդիական է դառնում, եթե հաշվի առնենք, որ իշխանությունները մտադիր են մոտակա ապագայում առողջության ընդհանուր պարտադիր ապահովագրության ինստիտուտ ներդնել: Այդ դեպքում արդեն առողջության պարտադիր ապահովագրությունը կվերաբերի ոչ միայն շուրջ 200 հազար հանրային ծառայողներին, այլև աշխատանք ունեցող բոլոր քաղաքացիներին: Եվ ի տարբերություն հանրային սեկտորի, որտեղ ապահովագրական վճարներն ամբողջությամբ իր վրա է վերցրել գործատուն (պետությունը, համայնքները), եւ աշխատողն իր գրպանի վրա չի զգում դրա ծանրությունը, մասնավոր սեկտորի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է լինելու:

Այսպես, դեռեւս 2012-ի հունիսին տված ասուլիսում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը (ՀՀԿ) հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ,  մասնավոր սեկտորում ապահովագրական վճարների 30%-ը վճարելու են աշխատակիցները, 70%-ը` գործատուն:

Այսինքն՝ այս համակարգի ներդրվելու դեպքում (ինչն անխուսափելի է), գործատուների վրա ամեն աշխատողի համար մի քանի տասնյակ հազար դրամ կազմող լրացուցիչ բեռ դրվելուն զուգահեռ՝ «ի օգուտ» քաղաքացու կրկին զգալիորեն կկրճատվի հենց քաղաքացու եկամուտը: Այնպես, ինչպես կկրճատվի 2014-ի հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման պարագայում: Եվ այնպես, ինչպես այսօր իշխող վարչակարգը փորձում է բացատրել, որ քաղաքացու եկամուտները բռնագանձվում են հօգուտ ինչ-որ մասնավոր ֆոնդերի «հանուն արժանապատիվ ծերության» 20 տարի անց, նույն կերպ պարտադիր բժշկական ապահովագրությունը ներդնելու ժամանակ հացի խնդիր լուծող քաղաքացիներին կհամոզեն, որ աշխատավարձի էլի մի զգալի մասը պետք է զիջել մասնավոր ապահովագրական ընկերություններին`«հանուն առողջ ապագայի»:

Ընդգծենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ինչպես պարտադիր կուտակային կենսաթոշակի, այնպես էլ սոցիալական ապահովագրության կամ այլ հարցերում, բարձրաձայնում է ոչ թե բուն բարեփոխման նպատակահարմարության հարցը, այլ այն, թե ով եւ ինչպես է անցկացնում այդ բարեփոխումը:

Որովհետեւ ընդդիմությունն աչքի առաջ ունի գործող կառավարության նախաձեռնած բազմաթիվ ծրագրերի նախադեպերը, որոնք հռչակված են եղել բարելավելու քաղաքացիների կենսապայմանները, բայց արդյունքում` ծանրացրել են մարդկանց` առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը: Որովհետեւ քաղաքական ընդդիմությունը, ինչպես հասարակության ճնշող մեծամասնությունը, տեսնում է, որ այդ բարեփոխումները գործնականում իրականացնելու «առաքելությունը» դրվում է հենց այն ընկերությունների վրա, որոնք պատկանում են բարձրաստիճան պաշտոնյաներին կամ նրանց մերձավոր ազգականներին` հսկայական շահույթ ապահովելով նրանց համար:   

Հարցապնդման հետքերով մեր նյութերը՝ հաջորդիվ:

Կառավարությանն ուղղված Կոնգրեսի հարցապնդման ամբողջական տեքստը` այստեղ:

 

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Մոսկվան և Անկարան ընդհանուր հիմք են ստեղծել ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը կմասնակցի՞ Վիլնյուսյան գագաթնաժողովին’