‘Կոնգրեսի հարցապնդումը կառավարությանը’

1074

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, այսօր ԱԺ-ում հնչեցրել է կառավարությանը՝ տնտեսական մենաշնորհների հարցով ուղղված հարցապնդումը:

Հիշեցնենք, որ երեկ Լեւոն Զուրաբյանը ԱԺ-ում լրագրողներին ասել էր, որ խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է կառավարությանը, եւ հավելել, որ համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի՝ ամեն խմբակցություն նստաշրջանի ժամանակ մեկ անգամ իրավունք ունի հարցապնդում կատարել կառավարությանը: «Դա գրավոր փաստաթուղթ է, որը ուղարկվում է կառավարությանը, և նա պարտավոր է քսանօրյա ժամկետում պատասխանել այդ գրավոր հարցապնդմանը: Խմբակցությունը եթե անբավարար է համարում այդ պատասխանը, կարող է դա հնչեցնել ԱԺ նիստում և քվեարկության դնել ԱԺ որոշման նախագիծ»,- ասել էր Լեւոն Զուրաբյանը:

iLur.am-ը ստորեւ ներկայացնում է ԱԺ-ում այսօր՝ Լեւոն Զուրաբյանի կողմից հնչեցված հարցապնդման տեքստն ամբողջությամբ:  

«Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ արտասահմանյան փորձագետները բազմիցս նշել են, որ Հայաստանը գտնվում է աշխարհի ամենակոռումպացված պետությունների շարքում, եւ որ նրա իշխանություններն, ըստ էության, չեն պայքարում այդ համատարած չարիքի դեմ։ «Թրանսփարենսի ինտերնեյշնել» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի գնահատականներով` Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2008 թվականից հետո սկսել է վատանալ՝ 3.1-ից իջնելով 2.6-ի: Այդ ցուցանիշով Հայաստանը կիսում է 123-126 տեղերը Մադագասկարի, Նիգերիայի եւ Էրիթրեայի հետ։ Կոռուպցիան և հովանավորչությունը հանգեցնում են պետության զարգացման հետ անհամատեղելի այնպիսի երևույթների, ինչպիսիք են պետական իշխանության և բիզնեսի սերտաճումը, մենաշնորհների ծավալումը, մանր և միջին բիզնեսի ոչնչացումը։ Գործող իշխանության բարձրագույն պաշտոնյաների, նախարարների, մարզպետների, դատախազների, ոստիկանների, ԶՈՒ գեներալների, դատավորների գերակշռող մասը խոշոր սեփականատերեր ու ձեռնարկատերեր են: Կոռուպցիայի համակարգայնացման արդյունքում հաստատվում են ապօրինի մենաշնորհներ, որի հետևանքով արդեն 2010թ. երկրի ազգային հարստության 52%-ը կենտրոնացել է 44 ընտանիքների ձեռքում: 

Մենաշնորհներ, ազատ տնտեսական մրցակցության խաթարում

Ամբողջական մենաշնորհներ են հաստատված, մասնավորապես, լայն սպառման այնպիսի արտադրատեսակների գծով, ինչպես շաքարավազը, հացահատիկը, կենդանական եւ բուսական յուղը, բրինձը, ինչպես նաեւ դեղորայքը, հրուշակեղենը, փայտանյութը, կենցաղային և շինարարական ապրանքները, բենզինն ու դիզվառելիքը և այլ ապրանքներ։ Համաձայն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների` 2010 թվականին 41 ապրանքային շուկա բարձր և միջին կենտրոնացված են եղել։ Նվազում է շուկայի մասնակիցների թիվը։ Այսպես, ապրանքային 71 շուկաներում մասնակիցների թիվը նվազել է առնվազն 2, իսկ շատ դեպքերում՝ 10 տնտեսվարող սուբյեկտով։ 
Առանձին ապրանքատեսակների մասով արձանագրվել է գերկենտրոնացվածություն: Շաքարավազի շուկայում մեկ ընկերության մասնաբաժինը կազմել է 99,9%, ցորենի ալյուրի դեպքում – երկու ընկերությունների բաժինը`87,6%, բրնձի դեպքում- մեկ ընկերության բաժինը` 62,8%, ձիթապտղի բուսական յուղի դեպքում – մեկ ընկերության բաժինը`88,0% և այլն: 
Հանձնաժողովի ուսումնասիրած ոչ պարենային ապրանքների 7 ապրանքային շուկաներից երկուսը բարձր կենտրոնացված են` կենտրոնացվածության աստիճանը կազմում է 93,9-ից («Բենզին» ապրանքային շուկա) մինչև 95,1 տոկոս («Դիզելային վառելիք» ապրանքային շուկա): 2001թ. վերը նշված ապրանքների գծով ապրանքային շուկայում դեռևս չկային գերիշխող դիրք ունեցողներ։ Էականորեն փոխվել է դեղերի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաների մրցակցային իրավիճակը։ 2001թ. դեղերի շուկայում գործունեություն էր ծավալում 72 տնտեսվարող սուբյեկտ, իսկ 2009թ.` ընդամենը 13 ընկերություն: 2010թ. իրականացված ուսումնասիրության արդյունքներով 9 ապրանքային շուկաներում առկա են գերիշխող դիրք ունեցող մեկական տնտեսվարող սուբյեկտներ: 
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով՝ 2011թ. գերիշխող դիրք են ձեռք բերել նաև առևտրային ցանցերը, որոնցից 6-ը` պարենային ապրանքների առևտրի ոլորտում, 5-ը` բենզալցակայանների ցանցեր, 9-ը` դեղատների ցանցեր, 4-ը` սալիկների և սանիտարական տեխնիկայի իրացման առևտրային ցանցեր և այլն: 
Ըստ 2012 – 2013թթ. մրցունակության մասին համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի՝ Հայաստանն իր մրցունակությամբ 82-րդն է աշխարհի 144 երկրների մեջ: Նույն զեկույցի Հայաստանի մրցունակության առավելություններն ու թերությունները բաժնի տվյալներով՝ «Տեղական մրցակցության ուժգնությունը» ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 130-րդ, իսկ «Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության» ցուցանիշով` 116-րդ տեղը:
ՀՀ Սահմանադրության 8-րդ և 33.1-րդ հոդվածներով համապատասխանաբար սահմանված է.

Հոդված 8. … Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը:

Հոդված 33.1. … Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:
Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:

Այսպիսով, թե՛ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, թե՛ միջազգային կազմակերպությունների, թե՛ Հայաստանի քաղաքական և հասարակական կազմակերպությունների և փորձագետների տվյալներով`Հայաստանում խախտված է Սահմանադրության 8-րդ և 33.1-րդ հոդվածների պահանջը, տարիներ շարունակ մենաշնորհների առկայության և տնտեսական մրցակցության խաթարման պատկերի կրկնությունը վկայում է, որ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում դրանք վերացնելու և վիճակը կարգավորելու ուղղությամբ:
Ուստի, անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին ներկայացնի հետևյալ հարցերի պատասխանները`
1. Ունի՞, արդյոք, կառավարությունը հակամենաշնորհային քաղաքականության և ազատ տնտեսական մրցակցության ապահովման գործողությունների ծրագիր, ինչպե՞ս է այն իրագործվում,
2. Մշակվա՞ծ է, արդյոք, խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթ, և ե՞րբ է այն ներկայացվելու Ազգային ժողովի քննարկմանը»:

 

Նախորդ հոդվածը‘Իրանցիները կոտրել են գրավված անօդաչու սարքի տվյալնների կրիչները’
Հաջորդ հոդվածը‘Կական դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենարդյունավետ բրազիլացին’