‘Կոնգրեսի, ՀԺԿ-ի և ՎՍԴՀԿ-ի հայտարարությունը’

1954

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության նիստում քննարկվել է ազատամարտիկների վրա կատարված հարձակման հարցը։ Երեք կուսակցությունների անունից տարածվել է հետևյալ հայտարարությունը.

Հայ հասարակությանը ցնցեցին դեկտեմբերի 9-ին արցախյան ազատամարտի հրամանատարներ, Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի («Ապարան» ջոկատի հրամանատար) և Մանվել Եղիազարյանի («Արաբո» ջոկատի հրամանատար), իսկ դեկտեմբերի 10-ին Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ և մամլո խոսնակ Սուրեն Սարգսյանի վրա ավազակային հարձակումները։

Ռեժիմը դավադրաբար ձեռք է բարձրացնում մարդկանց վրա, որոնք ոչ միայն 1988-ից Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներ էին, այլև այդ Շարժման այն հերոսներից, որ ինքնակամ, անձնազոհաբար գնացին պաշտպանելու Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի սահմանները։ Ռեժիմը դրանով անարգում է ազատամարտի երևույթը որպես այդպիսին՝ մահացու վիրավորելով նրա բոլոր մասնակիցներին ու ներկայացուցիչներին։ Փոքրոգի ու զազրելի այս արարքով Սերժ Սարգսյանի վարչախումբը նաև ցուցադրում է իր վախը ամբողջական իշխանափոխության օրակարգով ծավալված Համաժողովրդական շարժման նկատմամբ, որին աջակցում է նաև Ազատամարտիկների դաշինքը։ Այս քայլով վարչախմբը մատնում է սեփական հոգեվարքային վիճակը, երբ առողջ բանականությունն ու տրամաբանությունը անվերադարձ տեղի են տալիս։

Համաժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ իրականացված նողկալի արարքը, կոչ անում հասարակության բոլոր շերտերին ու անդամներին համախմբվել Համաժողովրդական շարժման շուրջ՝ օր առաջ լուծելու համար ամբողջական և համակարգային իշխանափոխության առաջնահերթ խնդիրը։

 

Հայ ազգային կոնգրես

Հայաստանի ժողովրդական կուսակցություն

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն

Նախորդ հոդվածը‘Մարդու իրավունքների օրը աշխարհում եւ Հայաստանում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիայում. Կա վիրավոր. news.am’