‘Կոնգրեսի պատգամավորները հանդիպել են կալանավորված գործիչներին’

2376

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Ստեփան Դեմիրճյանն այսօր այցելել են «Նուբարաշեն« ՔԿՀ, որտեղ հանդիպել են կալանավորներ Գեւորգ Սաֆարյանին եւ Հայկ Կյուրեղյանին: Պատգամավորները լսել են կալանավորների բողոքները, եւ տեղեկացվել են, որ Կյուրեղյանը դուրս է եկել ջրադուլից, Սաֆարյանը` հացադուլից: Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կալանավորված տղաների պահանջները կատարվել են. Սաֆարյանին հանել են վտանգավոր համարվող կալանավորվածների խցից եւ տեղափոխել մեկ այլ խուց, որտեղ 4 այլ` ոչ վտանգավոր համարվող բանտարկյալներ կան. Սաֆարյանը ցանկություն է հայտնել մնալ այդ խցում: Հայկ Կյուրեղյանն էլ այժմ գտնվում է մենախցում եւ ասել է, որ իրեն այդտեղ հարմար է զգում եւ ցանկանում է մնալ այդտեղ:

Արամ Մանուկյանը փոխանցեց, որ տղաների ինքնազգացողությունն արդեն լավ է, եւ նրանց`այլ խցեր չտեղափոխելու խնդրանք-պահանջը փոխանցել են ՔԿՀ ղեկավարությանը:

Պատգամավորները նաեւ խոհեմության կոչ են անում իշխանությանը՝ հիշեցնելով, որ այս օրերին, երբ ԵԽԽՎ-ում լուրջ վտանգներ կան ղարաբաղյան հարցի շուրջ, այնպես չանել, որ ընդդիմությունն այդ խնդիրները թողած`իր ուշադրությունը կենտրոնացնի այլ հարցերի վրա:

Արամ Մանուկյանն ասաց, որ մինչ այդ՝ ինքն ու Լեւոն Զուրաբյանը հանդիպել են Մարաշի խմբի գործով կալանավորված Վլադիմիր Առաքելյանին եւ Գառնիկ Մարգարյանին: Մանուկյանը նշեց, որ իրենք մանրամասն հետաքրքրվել են նրանց պահման պայմաններով ու առողջական վիճակով, նաեւ հույս են հայտնել, որ գործերի իրավական ընթացքը պայմանավորված չի լինի վերջիններիս քաղաքական գործունեությամբ: Արամ Մանուկյանը նշեց, որ Առաքելյանի եւ Մարգարյանի առոջղական վիճակը բավարար էր, եւ որ իրենք հետեւողական կլինեն այդ գործով եւս:

Մանուկյանը նաեւ նշեց, որ դրանից առաջ ինքն ու Զուրաբյանը այցելել են նաեւ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին եւ հետաքրքրվել նրա առողջությամբ ու գործի ընթացքով:

«Ընդհանրապես,  մենք անընդհատ լինելու ենք այն մարդկանց կողքին, ովքեր դրա կարիքն ունեն, կամ ովքեր անարդար են կալանավորվել, մշտադիտարկում ենք իրականացնելու` անկախ այն բանից, նրանք մեր համախոհներն են, թե ոչ»,- ասաց Մանուկյանը:  

Նախորդ հոդվածը‘«Նորվիչ» – «Լիվերպուլ»֙ 4-5․ Մերսիսայդցիները հաղթում են աներևակայելի մրցավեճում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երկու «Բորուսիաների» պայքարում հաղթեց Դորտմունդը. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’