‘Կոնգրեսն առաջարկում է համակարգված կոռուպցիայի վերաբերյալ հարցապնդումն ուղարկել դատախազություն’

1222

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովում այսօր քննարկվեց Հայ ազգային կոնգրես խմբակցության հարցապնդումը կառավարությանը: Ըստ կանոնակարգի, հիմնական զեկուցող  Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց հարցապնդման էությունը:

Նա նշեց, որ Կոնգրեսի կատարած ուսումնասիրությունը, որը հիմնված է միջազգային այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա, ինչպիսիք են` Համաշխարհային բանկը, Արժութային միջազգային հիմնադրամը, KPMG-ն, Gallup International, Transparency International, Policy Forum Armenia կազմակերպությունները, ինչպես նաեւ սեփական վերլուծությունների վրա, ցույց են տալիս, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային է եւ կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են:

« Համաձայն այդ գնահատականների, կառավարությունը պատշաճ կերպով չի հարկում իր «բարեկամներին»` օլիգարխներին և մեծ բիզնեսներ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին, փոխարենը` հետապնդում է մնացած գործարարներին լրացուցիչ տուրքերով, հարկային կանխավճարներով և կաշառքներով, ինչի հետեւանքով պետական բյուջեի վնասները գնահատվում են առնվազն 1.7-1.8 միլիարդ ԱՄՆ դոլար` տարեկան: Վերլուծության մանրամասները ներկայացված են գրավոր հարցապնդման մեջ եւ հիմնված են հարկեր/ՀՆԱ հարաբերակցության վերլուծությունների վրա: 2. Հավաքված բյուջեի, այսպես կոչված, ծախսային մասի թալանը գնահատվում է մոտ 750 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը բավականին մոտ է Վերահսկիչ պալատի 2010 թվականի զեկույցում ներկայացված եւ պատահական ընտրանքով ստուգման արդյունքում հայտնաբերված չարաշահումների ծավալին, որը, համաձայն մեր հրապարակած հաշվարկի, կազմում էր առնվազն 500 միլիոն ԱՄՆ դոլար` տարեկան: Հանրային միջոցների թալանի հանրագումարը, այսպիսով, կարելի է գնահատել առնվազն 2.5 միլիարդ` տարեկան: 3. Հարցապնդման երրորդ հարցադրումը վերաբերում է այն հրապարակումներին, համաձայն որոնց` Տիգրան Սարգսյանը «WLISPERA HOLDINGS LIMITED» եւ «A.B.S. GLOBAL LIMITED» ընկերությունների միջոցով ստացել է 1 միլիոն 667 հազար ԱՄՆ դոլարի անձնական օգուտ: 4. «Արմավիա» ընկերությունը, օգտվելով կառավարության հովանավորությունից, տարիներ շարունակ չի կատարել իր հարկային պարտավորությունները, մինչդեռ իշխանությունը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել, որ համաձայն ՀՀ Քր.օր.-ի 205 հոդվածի 2-րդ մասի` հարուցվեր քրեական գործ առանձնապես խոշոր չափերի հարկերից, տուրքերից և այլ վճարներից չարամտորեն խուսափելու համար: Պատկան մարմինների հանցավոր անգործության պատճառով բյուջեն չի ստացել 7 միլիարդ 35 միլիոն 703 հազար դրամ: 5. Հարցապնդման մյուս մասը վերաբերում է պետական գնումների ոլորտին», — ներկայացրեց Զուրաբյանը:

Նա նշեց նաեւ, որ հարցապնդման մյուս կետերը վերաբերում են պետական գնումների ոլորտում համակարգային կոռուպցիայի մասին Վերահսկիչ պալատի եզրակացություններին, Transparency International հակակոռուպցիոն միջազգային կազմակերպության բացահայտած՝ մեկ անձից գնումների պրակտիկայի խորացմանը, եւ պետական բյուջեի միջոցներով իր հիմնադրած ընկերությունից Դատական ակտերի հարկադիր կատարման պետի կողմից ավտոմեքենաների անզուգական գնմանը, դիզվառելիքի սուբսիդիայի ոչ մրցակցային տրամադրմանը` մենաշնորհային դիրքեր ունեցող «Ֆլեշ» ընկերությանը եւ այլ հարցերի:

«Կառավարությունը տրամադրել է մասնավոր առողջապահական ապահովագրական ընկերություններին մոտ 10 մլրդ դրամ գումար` պետական պաշտոնյաների ապահովագրման նպատակով: Այդ 10 մլրդ-ը ստանալով` ընկերությունները մատուցել են ընդամենը 4 մլրդ դրամի ծառայություններ, այսինքն` ստացել են 6 մլրդ-ի գերշահույթ մի պարագայում, երբ կառավարությունը կարող էր հեշտությամբ հաշվարկել եւ կանխել նման գերշահույթների առաջացումը:

Մյուս հարցադրումը կապված է ավտոկայանատեղերի, արագաչափերի եւ տեսագրող սարքերի տեղադրման հետ` մասնավոր ընկերությունների միջոցով, որոնք ստանում են տուգանքներից առաջացած գումարի 70 տոկոսը, կապված են բարձրագույն իշխանավորների հետ եւ ստանում են գերշահույթներ: Մասնավորապես, արագաչափերի գծով սա գնահատվում է տարեկան մոտ 7-8 մլն դոլար:  Եւ վերջապես, մենք հրապարակել ենք 7 բարձրագույն պաշտոնյայի ցուցակ, որոնց պաշտոնապես հայտարարագրված հարստությունն ակնհայտ անհամապատասխանության մեջ է գտնվում իրենց կողմից հենց հայտարարագրված եկամուտների հետ: Մեր հարցերը կառավարությանը եղել են հետեւյալը. ինչու՞ սույն հարցապնդման մեջ արձանագրված համակարգային կոռուպցիայի ընդհանրական պատկերը և մեջբերված առանձին դեպքերը չեն դարձել կառավարության քննարկման առարկա, և ինչու՞ որևէ քայլ չի ձեռնարկվել մեղավորներին պատժելու ուղղությամբ: Ինչու՞ չի կատարվել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության` 2009-2012 թթ. ծրագիրը: Ինչու՞ որևէ տեղ հրապարակված չեն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության` 2009-2012 թթ. ծրագրի կատարման հաշվետվությունները (վերջին հաշվետվությունը վերաբերում է 2011թ.-ի առաջին կիսամյակին): Ինչու՞ նշված խնդիրներին չի անդրադարձել բազմիցս թմբկահարված ՀՀ կառավարությանը կից գործող հակակոռուպցիոն խորհուրդը», — ամփոփեց Լեւոն Զուրաբյանը:

Այնուհետեւ, համաձայն կանոնակարգի պատգամավորը, արձագանքելով կառավարության ներկայացուցչի պատասխանին, հայտարարեց.

«Երբ մենք մտորում էինք, թե այս նստաշրջանում ո՞ր խնդիրը դնենք մեր խմբակցության հարցապնդման հիմքում, մեր մոտեցումն այն էր, որ մենք մեր հասարակությանը պետք է ներկայացնենք այն խնդիրը, որն իսկապես ընկած է Հայաստանի այսօրվա բոլոր չարիքների եւ դժբախտությունների հիմքում, այն խնդիրը, որն ամենաշատն է հուզում մեր ժողովրդին, այն խնդիրը, որն ամենաշատն է վանում մեզ` Հայաստանի քաղաքացիներիս, մեր սեփական պետությունից: Դա այն խնդիրն է, որի պատճառով մեր ազգը այլեւս չի տեսնում այս երկրում հեռանկար սեփական երեխաների համար եւ դիմում է այնպիսի խուճապահար արտագաղթի, որ բնակչության տարեկան կորուստը հասել է արդեն աղետալի 5 տոկոսի չափի: Եւ դա այն խնդիրն է, որի լուծումը գտնվում է մեր ձեռքերում: Խոսքը մեր քաղաքական եւ տնտեսական համակարգը ճարագած համատարած եւ համակարգային կոռուպցիայի մասին է: «Ինչու են ազգերը ձախողվում» գրքում` տնտեսական զարգացման հայտնի գիտնականներ Դարոն Աջեմօղլուն եւ Ջեյմս Ռոբինսոնը ցույց են տալիս, թե, կախված քաղաքական համակարգից, ինչպես են երկրները բաժանվում երկու կատեգորիաների: Առաջին կատեգորիայում գտնվում են այն երկրները, որոնց հաջողվում է ստեղծել այնպիսի քաղաքական համակարգ, որն ապահովում է ամբողջ հասարակության ներգրավումն իշխանության մեջ, սահմանափակում առանձին իշխանավորների ազդեցության չափը, ինչի հետեւանքով համակարգը սկսում է սպասարկել հանրության շահը: Երկրորդ կատեգորիային պատկանում են այն երկրները, որտեղ իշխանավորների նեղ խմբին հաջողվում է կենտրոնացնել ամբողջ պետական իշխանությունը սեփական ձեռքերում եւ ստանալ անսահմանափակ գերակայություն երկրի տնտեսական ռեսուրսների տնօրինման հարցում: Հայաստանը, ցավոք սրտի, այսօր պատկանում է երկրների երկրորդ կատեգորիային: Մեր երկրի իշխանությունը կենտրոնացած է նեղ խմբավորման ձեռքում, որը, մշտապես կեղծելով ընտրությունները, կտրում է իր հետ չկապված որեւէ քաղաքական կամ հասարակական ուժի ներգրավումը իշխանության եւ տնտեսական ռեսուրսների տնօրինման մեջ, ստեղծելով այնպիսի մթնոլորտ, որում բարգավաճում են միայն իշխանավորների մերձավորները, իսկ ազգի մեծամասնությունը կա՛մ հայտնվել է աղքատության մեջ, կա՛մ բախտ է փնտրում երկրից դուրս: Մեր հարցապնդման հիմքում ընկած էր հենց այս մտահոգությունը, եւ մենք կարեւոր ենք համարում, որ հասարակությունը լիարժեք կերպով գիտակցի, թե որն է գլխավոր արգելանքը երկրի զարգացման ճանապարհին: Այս առումով, մեզ մեծապես օգնել է կառավարությունն` իր այս «փառահեղ» պատասխանով: Պատասխանն ինքնին ապացուցում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ միայն թաղված է կոռուպցիայի մեջ, այլ նաեւ ինքն իրեն նեղություն չի պատճառում հոդաբաշխ պատասխան տալ ոչ միայն մեր, այլեւ միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցրած մեղադրանքներին: Պատասխանի տեքստը լի է անհեթեթություններով, տրամաբանության սխալներով, եւ տեքստից երեւում է, որ շատ հարցերի պատասխանները կառավարությունը չի ունեցել, ուստի եւ` շրջանցել է դրանք: Բերեմ մի քանի օրինակ. կառավարության պատասխանից հետեւում է, որ հինգ տարի շարունակ «Արմավիան» խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից, բայց կառավարությունը դա նկատել է միայն 2012թ.: Հիմա մենք հարցնում ենք` նկատելուց հետո ինչո՞ւ քրեական հետապնդում չեք իրականացրել, ինչպես դա պահանջում է Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասը, այլ հարցը փորձում եք լուծել ՀՀ վարչական դատարանի միջոցով: Կառավարությունը մեզ տառացիորեն պատասխանում է հետեւյալը. «Քրեական գործ չի հարուցվել, քանի որ վերոհիշյալ գումարը բռնագանձելու հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան»: Մեր խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն այս պատասխանն ընթերցելիս քիչ էր մնում կաթված ստանար, եւ ես նրան հասկանում եմ. իր նման հեղինակավոր իրավաբանին, որն իր ամբողջ կյանքում լրջագույն ջանքեր է գործադրել գրագետ իրավաբանների սերունդներ պատրաստելու գործում, դժվար է հաշտվել այն իրողության հետ, որ Հայաստանում, այն էլ կառավարության մեջ, կարող են լինել նման տեքստ արտադրող իրավաբաններ: Եվ ես հույս ունեմ, որ, չնայած ամբողջ փաստաթղթի տակ դրված է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ստորագրությունը, կոնկրետ այս հատվածի համար նա ոչ մի պատասխանատվություն չի կրում: Նույն անգրագիտությունը վերաբերում է պատասխանի տնտեսագիտական մասին: Նախ ասենք, որ թեեւ ներկայացված էին լրջագույն գնահատականներ Հայաստանի պոտենցիալ ՀՆԱ-ի եւ հարկեր-ՀՆԱ պոտենցիալ հարաբերակցության վերաբերյալ, կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքել պոտենցիալ 16.4 մլրդ ՀՆԱ-ի հաշվարկին: Ինչ վերաբերում է հարկեր-ՀՆԱ հաշվարկին, ապա կառավարությունը մի տեղ ասում է, որ Հայաստանի յուրահատկության պատճառով (օրինակ` կապված այն հանգամանքի հետ, որ գյուղատնտեսությունը չի հարկվում) այդ ցուցանիշը համադրելի չէ այլ երկրների հետ: Մյուս կողմից, հենց ինքը պատասխանի մեջ ներկայացրել է մի աղյուսակ, որտեղ կատարում է հարկեր-ՀՆԱ համեմատություն` նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ: Այսինքն` ինքը հերքում իր իսկ փաստարկները: Կառավարությունն իր պատասխանում նաեւ նշում է, որ 2013-14թթ. Հայաստանում հարկեր-ՀՆԱ փաստացի հարաբերակցությունը կաճի մինչեւ 23.12 տոկոս, մտածված աղավաղելով պատկերը եւ դրանում ներառելով նաեւ 3-4 տոկոս սոցհատկացումները: Եվ այսպես՝ արձանագրենք, որ հարցապնդման գլխավոր մեխի, այսինքն՝ այն հաշվարկի, որը հիմնված է լրջագույն հետազոտությունների վրա եւ գնահատում է պետական բյուջեին հասցված վնասը որպես տարեկան 2.5 մլրդ դոլար, կառավարությունը ոչ մի փաստարկված պատասխան չի տվել: Եթե այդ գումարը ոչ թե գնար մեր սիրելի բարձրագույն ղեկավարության գրպանը, այլ օգտագործվեր այլընտրանքային էներգետիկայի զարգացման, ենթակառուցվածքների կառուցման եւ տնտեսական երկարաժամկետ այլ ներդրումների նպատակով, մենք այսօր կապրեինք լրիվ այլ Հայաստանում, վաղուց կառուցած կլինեինք Իրան-Հայաստան երկաթուղին, նոր ատոմակայանը, կհաղթահարեինք գազային կախվածությունը Ռուսաստանից, եւ արտագաղթի տեղը կունենայինք ներգաղթ: Օֆշորային սկանդալի թեմայի վերաբերյալ նույնպես շատ հետաքրքիր պատկեր է ձեւավորվել. մի կողմից` արդեն 6 ամիս է Տիգրան Սարգսյանը պնդում է, որ շատ հեշտ է ապացուցել իր անմեղությունը, քանի որ ցանկացած մարդ կարող էր իր անունով բացել ֆիրմա եւ այդ ֆիրմաներին` իրեն վարկաբեկելու նպատակով միլիոնավոր դոլարներ ուղարկել: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ եթե դա այդպես է, ապա ընտրված է վարկաբեկման բավական ծախսատար միջոց, կառավարության պատասխանից մենք տեղեկանում ենք, որ հերքման ձգձգման պատճառն այն է, որ, մեջբերում եմ. «Իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդության կատարման համար պահանջվող քննչական գործողությունների մեծածավալ եւ ժամանակատար լինելու պատճառով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմինների կողմից դեռեւս շարունակվում են համապատասխան գործողությունները»: Փաստորեն, մինչեւ վերջերս մեզ համոզում էին, որ սա շարքային участковый-ի գործ էր, իսկ հիմա պարզվում է, որ մեծածավալ քննչական գործողությունների կարիք կա, եւ այս պատմության վերջը չի երեւում, մինչդեռ Հայաստանը շարունակում է ունենալ վարկաբեկված վարչապետ: Առողջապահական ապահովագրական չարաշահումների վերաբերյալ մեզ ոչ թե պատասխանել են, թե ինչպես է հնարավոր դարձել 6 մլրդ դրամի գերշահույթը, այլ՝ կարդացել են մի քանի էջանոց դասախոսություն՝ անցկացված ռեֆորմի գաղափարախոսության եւ արդյունավետության մասին: Անհեթեթ, անտրամաբանական եւ ամենակարեւորը՝ անգրագետ պատասխանների շարքը կարելի է անվերջ շարունակել: Բայց կարծում եմ՝ ժամանակի սղության պատճառով կարելի է սրանով սահմանափակվել: Կոնգրեսի հարցապնդումից հետո` անցած ընդամենը 1 ամսվա ընթացքում տեղի են ունեցել հետեւյալ զարգացումները.

1. Համաշխարհային բանկը օրերս հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն. կուտակում, մրցակցություն և կապ» զեկույցը, որում նշված է՝ Հայաստանում շուկաների 19%-ում իշխում են մենաշնորհները, տարածաշրջանային 6% միջին ցուցանիշի պարագայում: Մենաշնորհացման աստիճանով Հայաստանը միանձնյա առաջատար է ԱՊՀ-ում ու Արևելյան Եվրոպայում՝ զգալի առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող Ղըրղզստանից (մենաշնորհացման աստիճանը՝ 16%):

2. Եվրամիության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի ժամանակ հրապարակվել է Եվրամիության խորհրդատվական խմբի կարիքների գնահատման վերանայված հաշվետվությունը, որով, ի թիվս այլ հարցերի, առաջարկվում է նաև մշակել Հայաստանի նոր հակակոռուպցիոն ռազմավարություն:

3. Transparency International–ի հրապարակած Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2013 վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 94–րդ հորիզոնականը և մնում է անբարենպաստ երկրների շարքում:

4. Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը հրապարակել է «Երկրի իրավիճակը» շարքից հերթական զեկույցը՝ «Կոռուպցիան Հայաստանում» վերտառությամբ։ Զեկույցի հիմնական եզրակացությունն այն է, որ Հայաստանի տնտեսության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունն ահռելի է։ Զեկույցի ամենաապշեցուցիչ բացահայտումն այն է, որ կոռուպցիան Հայաստանում խիստ կենտրոնացված է և ստեղծում է անհաղթահարելի արգելքներ` երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի համար»: Զեկույցի հիմնական ուղերձը հետևյալն է․ «Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների արդյունավետ հաղթահարումը պետք է սկսվի լեգիտիմ իշխանության ձևավորումից, որը կկարողանա ժողովրդի անունից նոր քաղաքական կուրս իրականացնել։ Դա կարող է իրականանալ միայն այնպիսի քաղաքական իշխանության դեպքում, որը կունենա կտրուկ համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կարողություն և դրդապատճառներ:

5. Նոյեմբերի 29-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող հեռուստամարաթոնի հանգանակության ցածր մակարդակը սփյուռքահայ ներկայացուցիչները պայմանավորեցին վստահության պակասով: Օրինակ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայում հիմնադրամի տեղական մարմնի նախագահ Պետրոս Թերզյանի գնահատականով. «Եթե կաշառակերությունը քիչ լիներ, համահայկական հիմնադրամը կկարողանար հավաքագրել երկու անգամ ավելի գումար»: Այսքանից հետո ակնհայտ է, որ եթե լրիվ լուրջ լինենք մեր մոտեցումներում, այս կառավարությունից մենք պահանջելու կամ առաջարկելու միայն մեկ բան ունենք, որ նրանք հոժարակամ մեր ազգին փրկեն վերահաս աղետից եւ այդ նպատակով անեն ամենաարդյունավետ քայլը՝ կոլեկտիվ հրաժարական ներկայացնեն: Սակայն, ԱԺ կանոնակարգի մասին օրենքը սահմանափակում է մեզ նման առաջարկ ներկայացնելու հարցում: Ուստի, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱԺ պատգամավորներին բաժանված որոշումը. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ — Քննարկելով Հայ Ազգային Կոնգրես խմբակցության «Համատարած, համակարգված կոռուպցիա» հարցապնդումը, — Նկատի ունենալով, որ կոռուպցիայի դրսևորումներն ու իրավիճակը ուսումնասիրող միջազգային և տեղական կառույցների ուսումնասիրությունների և զեկույցների տվյալներով` կոռուպցիան Հայաստանում կրում է համակարգային բնույթ և շարունակում է մնալ տնտեսության զարգացումն արգելակող հիմնական գործոններից մեկը, — Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 105.1 հոդվածի 5-րդ մասով, որոշում է՝

1. Հարցապնդումը ուղարկել ՀՀ դատախազություն՝ նրանում վկայակոչված փաստերին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

2. Առաջարկել ՀՀ կառավարությանը՝ մինչև ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանը մշակել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հակակոռուպցիոն քաղաքականության անհետաձգելի միջոցառումների ծրագիր», — ամփոփեց Լեւոն Զուրաբյանը: 

Նախորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Հայկ Հակոբյան. Ամեն ինչ սկսվում է խաղից’
Հաջորդ հոդվածը‘Forbes-ն անվանել է աշխարհի վատթարագույն տնտեսությունները. Ուկրաինան 4-րդ տեղում է, Հայաստանը՝ 2-րդ’