‘Կոնգրեսն առաջարկում է միասին հանդես գալ մայիսի 5-ի ընտրություններում’

1989

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ոչ իշխանական ուժերին՝  «Ժառանգությանը», «Բարգավաճ Հայաստանին» եւ Դաշնակցությանը առաջարկում է միասին հանդես գալ մայիսի 5-ի ընտրություններում։ 

«Բացառիկ մի հնարավորություն է 4 այս քաղաքական ուժերի համար, համախմբելով ռեսուրսները եւ համակարգելով ջանքերը, հասնել շատ կարեւոր հաղթանակի ռեժիմի նկատմամբ, ինչը ճանապարհ կբացի նաեւ հետագայում իշխանափոխության համար», – այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ – «Եթե իսկապես ձեւավորվում է ճակատ ընտրակեղծարարության դեմ, դա նաեւ նշանակելու է, որ այս բոլոր չորս քաղաքական ուժերը ակտիվորեն մտնում են պայքարի մեջ, ժողովրդին մոբիլիզացնում են, եւ նաեւ բոլոր ընտրատեղամասերում մենք ունենալու ենք չորսական անդամ, որոնք կարող են, գործելով որպես թիմ, բռնել ընտրակեղծարարի ձեռքը»։

Համախմբման գլխավոր խոչընդոտ շատ հաճախ համամասնական ցուցակն է դառնում, հատկապես այդ ցուցակում այս կամ այն ուժի ներկայացուցչի տեղը։

ՀԱԿ համակարգողն ասաց՝ իրենց համար երկրորդական է, թե ով կգլխավորի ցուցակը. – «Մենք բնականաբար պատրաստ ենք զիջել հանուն ջանքերի համախմբման։ Ավելի կարեւոր է ժողովրդի համար, որ լուծվի համախմբման հարցը։ Եվ բնականաբար բոլոր ուժերը պետք է գնան զիջումների։ Մենք մեր կողմից պատրաստ ենք այդ զիջումները կատարել»։

Լեւոն Զուրաբյանը նաեւ ասաց՝ Հայ ազգային կոնգրեսն ավագանու ընտրություններում միասնական մասնակցելու վերաբերյալ մյուս քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ դեռեւս չի անցկացրել։

Աղբյուրը՝ «Ազատություն» ռ/կ 

Նախորդ հոդվածը‘Չավեսի մահը սգացող վենեսուելացիները ծեծի են ենթարկել լրագրողին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 8-ի առիթով մոսկվացի տղամարդիկ 15-18 մլրդ ռուբլի կծախսեն. ուսումնասիրություն’