‘Կոնգրես խմբակցության խոսնակի պատասխանը Նիկոլ Փաշինյանի նամակին’

3387

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը հրապարակել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին ուղղված նամակը, որով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը միջնորդել է «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպման համար ձեւավորվող թվով 28 ընտրական տեղամասերում (25-րդ ընտրատարածք) Հայ Ազգային Կոնգրես խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց»: ՀԱԿ խմբակցությունը ինչ դիրքորոշում ունի այդ առաջարկի հետ կապված, որպեսզի Հրազդանում ընտրական հանձնաժողովների տեղերը տրվեն ՔՊ-ի ներկայացուցիչներին եւ արդյոք առաջիկա ընտրություններում կսատարի Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

«Ազատություն» Ռ/Կ հարցին պատասխանել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության մամլո պատասխանատու, փորձագետ Արմեն Խաչատրյանը

  1. Համաձայն Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի (Տեղամասային հանձնաժողովներ կազմավորելու կարգը), 2012թ. սկսած Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը նշանակել է տեղամասին հանձնաժողովի անդամներին՝ օրենքով սահմանված ընթացակարգով:
  2. ՏԸՀ անդամներին նշանակելիս Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը երբեւէ չի առաջնորդվել քաղաքական նպատակահարմարության նկատառումներով, այլ միայն եւ միայն ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելու սկզբունքով:
  3. Խմբակցության որեւէ որոշում, այդ թվում՝ վերոհիշյալ հարցի կապակցությամբ, կարող է ընդունվել համաձայն խմբակցության Կանոնադրության՝ իրավազոր նիստում, խմբակցության անդամների կեսից ավելիի՝ առնվազն 4 ձայնով: Մինչդեռ խմբակցության որեւէ անդամ նիստերի օրակարգում Ձեր մատնանշած հարցը չի բարձրացրել, ուստի եւ այն չէր կարող քննարկվել խմբակցության նիստում: Զարմանալի է, որ խմբակցության նիստին անձամբ ներկայանալու եւ հարց բարձրացնելու փոխարեն, պատգամավորը նամակ է ուղարկում, միաժամանակ իրեն իրավունք վերապահելով խոսելու խմբակցության այլ անդամների անունից, ինչը սկզբունքորեն անընդունելի է:
  4. Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը հավաստիացնում է, որ թիվ 25 ընտրատարածքում ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ տեղամասային հանձնաժողվները համալրելու այնպիսի անդամներով, ովքեր բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը եւ համարձակությունը: Դրա վերջին վկայությունը 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներն են, երբ նույն այդ հանձնաժողովների անդամների դրսևորած սկզբունքայնության շնորհիվ Հրազդան քաղաքում ԱՅՈ-ն պարտվել է 27 տեղամասերից 18-ում՝ հակառակ իշխանության կողմից կիրառված բոլոր տեսակի օրինախախտումների և բռնաճնշումների: Խմբակցությունը վստահեցնում է, որ նրա կողմից նշանակված հանձնաժողովի անդամները այս անգամ նույնպես խստորեն կհետեւեն ապրիլի 17-ի ընտրությունների օրինականությանը եւ կկատարեն օրենքով իրենց վրա դրված պարտականությունները:
  5. Ինչ վերաբերվում է Սասուն Միքայելյանի թեկնածությանը սատարելուն, ապա դա խմբակցության որոշելիքը չէ եւ այդ կապակցությամբ իրենց դիրքորոշումները իրավասու են հայտնելու միայն համապատասխան քաղաքական ուժերը:

 

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ուսուցանելու ծրագիր օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետների համար ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի ելույթը՝ ՏՄՊՊՀ 2016թ. ծրագրի քննարկման ժամանակ’