‘Կոնգրես. տեղեկատվական շրջափակման հերթական աղաղակող փաստը’

1739

ԱԺ 2012թ. սեպտեմբերի 12-ի լիագումար նիստի՝ պատգամավորական հայտարարությունները եւ կառավարության հետ հարցուպատասխանը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարան» հաղորդմամբ եթեր հեռարձակվեցին ոչ ամբողջությամբ, էական կրճատումներով: Հաղորդումից դուրս են մնացել գործող իշխանությունների եւ կառավարության համար առավել տհաճ, սուր հարցադրումներ պարունակող դրվագները: Այսպիսով՝ տեղի է ունեցել «ԱԺ Կանոնակարգ» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերի բացահայտ խախտում: ԱԺ կանոնակարգի նշված դրույթները ԱԺ հայտարարություններն ու հարցուպատասխանը ամբողջությամբ ցուցադրելու իմպերատիվ պահանջ են պարունակում:

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը տեղի ունեցածը գնահատում է որպես ընդդիմությանն ու լայն հանրությանը տեղեկատվական շրջափակման մեջ պահելուն ուղղված քաղաքականության հերթական աղաղակող դրսեւորում: Չխորշելով օրենքի կոպտագույն խախտումներից՝ իշխանություններն անում են ամեն ինչ, որ հանրությունը օբյեկտիվ տեղեկատվություն չստանա Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում տեղ գտած կարեւորագույն իրադարձությունների մասին:

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը ԱԺ գործող ղեկավարությունից պահանջում է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել 2012թ. սեպտեմբերի 12-ի խորհրդարանական հայտարարություններն ու կառավարության հետ հարցուպատասխանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի պահանջներին համապատասխան ամբողջությամբ համահանրապետական հեռուստատեսային եթեր հեռարձակելու եւ  հետագա հայտարարությունների եւ հարցուպատասխանների բնականոն ու ամբողջական հեռարձակումը հեռուստաեթերում ապահովելու համար:

 

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Նախորդ հոդվածը‘Հացադուլավոր. ես ստեղծել եմ հավերժական շարժիչ (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Քանաքեռ-Զեյթունի ղեկավար Արայիկ Քոթանջյանն ազատեցվեց պաշտոնից’